Nokia–ի կայսրության անկումը. լինե՞լ, թե չլինել
Ֆիննական Nokia ընկերությունը, որը երկար տարիներ բջջային հեռախոսների շուկայում թելադրող էր համարվում, ամենայն հավանականությամբ մոտենում է իր «մայրամուտին»։ Դա, իհարկե, դեռ տեղի չի ունեցել, բայց ընկերության ապագային այլևս չեն հավատում անգամ նրա ամենանվիրված երկրպագուները, և առավել ևս՝ ներդրողները, վարկանշային գործակալություններն ու սովորական օգտագործողները։
Վերջիններն այժմ մրցակիցների օգտին են քվեարկում, և այն քայլերը, որոնք Nokia–ն հիմա իրականացնում է իրադրությունը փրկելու համար, ավելի շուտ հոգեվարքի են նմանվում։ Ֆիննական բրենդը, որը տարիներ շարունակ որակի չափանիշ էր, մահանում է, իսկ ապրանքանիշի երկրպագուներին մնում է միայն տխուր կարոտախտ ապրել Nokia–ի երբեմնի մեծության նկատմամբ, գրում է РБК-ն։
Ընկերությանն առաջին հարվածը հասցրեց ամերիկյան Apple–ի ղեկավար Սթիվ Ջոբսը։
2007–ին թողարկվեց «հեղափոխական», բայց դեռ «հում» iPhone–ը, որը գծեց սմարթֆոնների զարգացման վեկտորը։ Այդ տարիներին նորույթը սրընթաց հեղինակություն ձեռք բերեց, ինչի դեմ Nokia–ն և մյուսները ոչինչ անել չկարողացան։
Այդուհանդերձ ֆիններին հասցված վերքը մահացու չէր. դրանից տառապում էին նաև մյուս մրցակիցները։ Հաջորդ տարի առավել մեծ վտանգ ներկայացրեց Google –ի նորաստեղծ Android օպերացիոն համակարգը. նրա գլխավոր առավելությունը համակարգի (ОS) անվճար լինելն էր, ինչը և լայն ժողովրդականություն ապահովեց։ Նորույթը գրավեց HTC-ի, Motorola-ի, LG-ի, Sony Ericsson-ի և Nokia–ի գլխավոր մրցակից հարավկորեական Samsung–ի ուշադրությունը, և արդյունքներն իրենց սպասել չտվեցին։
2010–ի վերջին Android–ը դարձավ լայն ժողովրդականություն վայելող երկրորդ բջջային ОS–ը՝ IV եռամսյակի արդյունքներով գերազանցելով բազմամյա լիդեր Symbian–ին։ Սկզբում փոքր տարբերությունը (33,3 մլն անդրոյիդ հիմքով սարքեր՝ 31 մլն Nokia սմարթֆոնների դիմաց) շարունակում է կտրուկ աճ գրանցել։
Զիջելով դիրքերը` Nokia–ն վերակազմակերպվելու փորձ կատարեց։ Կրճատվեցին ընկերության ծախսերն ու աշխատակազմը, իսկ այս տարվա սկզբին ընկերությունը հրաժարվեց Symbian համակրգից՝ այն փոխարինելով Windows Phone 7–ով, և այդկերպ որոշում կայացվեց ընդհանուր Android թշնամու դեմ համատեղ պայքար մղել։
Ֆիննական ընկերության երկպագուների բանակը, սակայն, միանշանակ չընդունեց այս որոշումը։ Ոմանց մոտ դա «վերածնվելու» հույս արթնացրեց, մյուսները՝ վերջնականապես հրաժարվեցին Nokia–ից։
Կհաջողվի՞ արդյոք բազմամյա պատմություն ունեցող ընկերությանը դուրս գալ ճգնաժամից և հառնել իբրև փյունիկ. փորձագետներն ու վերլուծաբանները զգուշանում են այս հարցին պատասխանելուց։ Առավել ծայրահեղականները բրենդի վերջնական անկում են կանխատեսում արդեն մյուս տարի, իսկ լավատեսները մատնանշում են շուկայում Nokia–ի՝ դեռևս մեծ բաժնեմաս ունենալը և հույսեր են կապում Windows հիմքով նոր մոդելների հետ։
Այդուհանդերձ, նորույթները 2012–ին շուտ չեն թողարկվի, և միայն այդ ժամանակ հայտնի կդառնա, թե որքանով են «ֆինները դիմացկուն»։










