Անվճար Wi-Fi կապ՝ Երևանի կենդանաբանական այգում
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Երևանի կենդանաբանական այգու տարածքում վաղը կապահովի անվճար հանրային Wi-Fi կապ: Այս մասին հաղորդում են ընկերությունից:
Wi-Fi-ը կունենա վերբեռնման և ներբեռնման 10 Մբիթ/վրկ արագություն: Կապը հնարավորություն կտա նաև առաջիկայում գործարկել Երևանի կենդանաբանական այգու ինտերակտիվ քարտեզը, որի միջոցով այցելուն կկարողանա ոչ միայն կողմնորոշվել այգու տարածքում, այլև ստանալ հետաքրքրաշարժ և օգտակար լրացուցիչ տեղեկատվություն այգու և կենդանիների մասին:
Համացանցի առկայությունը հնարավորություն կտա այգու տարածքում ստեղծելու փոքրիկ բացօթյա էլեկտրոնային գրադարան, որտեղ այցելուները կարող են հանրային Wi-Fi կապի միջոցով ստանալ տեղեկատվություն վայրի բնության և կենդանիների մասին, դիտել թեմատիկ լուսանկարներ, տեսանյութեր և ֆիլմեր:
Wi-Fi կապի շնորհիվ հուլիսի 29-ի միջոցառման ժամանակ կգործարկվի առաջին տեսախցիկը, որը տեղադրված է Սպիտակ սիրամագի վանդակում:










