Կհրապարակվեն Նիքսոնի ցուցմունքները՝ կապված ուոթերգեյթյան սկանդալի հետ

01:05 • 30.07.11

ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի գաղտնի ցուցմունքները՝ տրված ուոթերգեյթյան սկանդալն ուսումնասիրած դատական կոլեգիային, առաջին անգամ կհրապարակվեն:

Դաշնային դատավորը կարգադրել է այդ նյութերի գաղտնիության ժամկետը համարել սպառված այն բանից հետո, երբ ամերիկացի պատմաբաններից մեկը խնդրել է թույլատրել իրեն ծանոթանալ դրանց բովանդակությանը, հաղորդում է BBC Russian-ը:

Դատավորը համարել է, որ այդ փաստաթղթերի պատմական նշանակությունն ավելի մեծ է, քան դրանց գաղտնիության պահպանումը: Դատավոր որոշման մեջ ասված է նաև, որ Նիքսոնը և գործի հետ առնչություն ունեցած այլ անձինք մահացել են 17 տարի առաջ, ուստի փաստաթղթերը գաղտնի պահելն անիմաստ է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Նիքսոնը, ով ներկայացնում էր Հանրապետական կուսակցությունը, ստիպված էր հրաժարական տալ՝ իմպիչմենթից խուսափելու համար: Նախագահի նկատմամբ անվստահությունը կապված էր նախընտրական շրջանում Դեմոկրատական կուսակցության՝ Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցում տեղակայված շտաբի ներխուժման և գաղտնալսման հետ:

 

Կհրապարակվեն Նիքսոնի ցուցմունքները՝ կապված ուոթերգեյթյան սկանդալի հետ