ՄԻԱՎ–ի ախտորոշումը ընդամենը 1 դոլար կարժենա

12:45 • 01.08.11

Ամերիկացի հետազոտողները մշակել են տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների արագ ախտորոշման համար մատչելի մեթոդ արյան հանձնման դյուրակիր սարքի միջոցով։

Այն կոչվում է mChip և կրեդիտային քարտի չափ է։ Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, Ռուանդայում սիֆիլիսով և ՄԻԱՎ-ով հիվանդների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ սարքը հաշված րոպեների ընթացքում գրեթե 100% ճշգրտությամբ ախտորոշում է այդ վարակները։ Մասնավորապես, ՄԻԱՎ-ի դեպքում ճշգրտությունը կազմել է 95%, սիֆիլիսի դեպքում՝ 76%:

Թեստի արդյունքները երևում են անզեն աչքով կամ ոչ բարդ հաշվող սարքի օգնությամբ։ Սարքի ինքնարժեքը 1 դոլար է։ Դա շատ ավելի էժան է, քան այժմ կիրառվող լաբորատոր մեթոդները։

Հետազոտողները հույս ունեն օգտագործել mChip-ը հղի կանանց մոտ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտորոշման համար հատկապես Աֆրիկայի երկրներում։

Հնարավոր է նաև պատրաստել այնպիսի սարքեր, որոնք հնարավորություն կտան ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը։

ՄԻԱՎ–ի ախտորոշումը ընդամենը 1 դոլար կարժենա