iPhone արտադրող ընկերությունն իր աշխատակիցներին կփոխարինի ռոբոտներով
Foxconn ընկերությունը, որն արտադրում է iPhone և iPad, պատրաստվում է առաջիկա երեք տարիների ընթացքում իր աշխատակիցներին փոխարինել մոտ մեկ միլիոն ռոբոտներով:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, այժմ Foxconn-ի գործարաններում աշխատում է ավելի քան 1,2 մլն մարդ: Թե նրանցից քանիսը կպահպանեն աշխատանքը, չի հաղորդվում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ռոբոտների օգտագործումը թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու նվազեցնել ծախսերը:
Foxconn-ում տեղադրված է արդեն 10 հազ. ռոբոտ, որոնց թիվը մյուս տարվա ընթացքում կհասնի 300 հազարի: Հիմնականում դրանք կօգտագործվեն պարզ աշխատանքների համար:
Նշենք, որ Foxconn ընկերության անունը շատ հաճախ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում գործարաններում տեղի ունեցող ինքնասպանությունների պատճառով: 2010-ի ընթացքում գործարանում գրանցվել է ինքնասպանության 16 դեպք, ինչի պատճառը աշխատանքային անմարդկային պայմաններն են:










