Շվեդիայի բնակիչն իր տանը միջուկային ռեակտոր է հավաքել
Շվեդիայի Էնգելհոլմս քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել ու որոշ ժամանակ անց բաց է թողել իր տան խոհանոցում միջուկային ռեակտոր հավաքած տղամարդուն։
31–ամյա Ռիչարդ Հանդլը ցանկացել է իմանալ, թե արդյոք իր փորձն օրինական է, և այդ կապակցությամբ դիմել է Շվեդիայի՝ միջուկային անվտանգության գծով վարչություն։ Մինչ այդ իշխանությունները փորձի մասին ոչինչ չեն իմացել, չնայած Հանդլը չի թաքցրել իր մտադրություններն ու իր այդ գործունեությունը նկարագրել է սեփական բլոգում։
Տղամարդու խոսքերով՝ միջուկային ֆիզիկայով նա դեռ մանկուց է հետաքրքվել։ Ռեակտոր հավաքելու համար նա ռադիոակտիվ նյութեր է պատվիրել արտասահմանից, իսկ պակասող մասերի փոխարեն ձեռքի տակ եղածն է օգտագործել։
Helsingborgs Dagblad թերթին տված հարցազրույցում շվեդն ասել է, որ իրեն հաջողվել է ինքնուրույն հավաքել գործող միջուկային ռեակտոր՝ ծախսելով ընդամենը 6000 շվեդական կրոն (մոտ 950 ԱՄՆ դոլար)։










