Հայաստանի հինգ համալսարաններ կունենան միջազգային հավաստագիր

14:31 • 04.08.11

Հայաստանի բարձրագույն ուսումնական հինգ հաստատություն առաջիկայում կհասցվեն միջազգային լավագույն չափանիշերին, որպեսզի անցնեն միջազգային հավաստագրում: Ներկայում Հայաստանում երկու հաստատություն է անցել միջազգային հավաստագրման գործընթաց` Հայաստանի ամերիկյան և ֆրանսիական համալսարանները: Առնվազն երեք համալսարաններ ևս կանցնեն հավաստագրման գործընթաց և կբարձրացնեն իրենց որակը:

Կառավարությունում այսօր հյուրընկալված Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի սփյուռքահայ սաների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` համալսարաններն ինովացիոն տնտեսության առանցքն են, քանի որ դրանց շուրջ են ձևավորվում գիտահետազոտական լաբորատորիաները, դրանց շուրջ է համախմբվում ներուժը, դրանցում են որոնում ձեռներեցները գիտական մտքի նոր ստեղծագործություններ, վենչուրային հիմնադրամները հիմնականում համալսարանների շուրջ են ձևավորվում:

«Մենք չենք կարող ունենալ ինովացիոն հասարակություն`չունենալով ինովացիոն համալսարաններ»,- նշեց Հայաստանի գործադիրի ղեկավարը:

Նա երիտասարդներին տեղեկացրեց, որ կառավարության գաղափարախոսության հիմում ընկած է դրույթը, որ ի տարբերություն այլ պետությունների, Հայաստանն այլընտրանք չունի, քան պետությունը կառուցել գիտելիքի վրա: «Ավելին, ոչ միայն տնտեսությունը պետք է կառուցենք` ի նկատի ունենալով մեր ինտելեկտը, ներուժը, գիտելիքը այլև` հասարակությունը: Դրանից են բխում բոլոր ծրագրերն ու առաջնահերթությունները: 21-րդ դարում գերակայություն է կրթությունը, որը պետք է համապատասխանի միջազգային չափանիշերին: Կրթության առանցքը պետք է ձևավորվի համալսարանների շուրջ, ինչպես դա արձանագրել են Եվրամիության երկրները Լիսաբոնյան կոնվենցիայում»,- վստահություն հայտնեց Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի հինգ համալսարաններ կունենան միջազգային հավաստագիր