Հայաստանում Ֆեյսբուքում ավելի շատ լինում են կանայք. Փորձագետ

17:53 • 16.08.11

Աշխարհում Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտվողների ամենամեծ թիվը Միացյալ Նահանգներում է` բնակչության մոտ 49%-ը: Այնուհետև վիճակագրական ցանկում են Ինդոնեզիան, Հնդկաստանը` մարդկանց թվաքանակի սկզբունքով: Երկրի բնակչության մեջ օգտվողների հարաբերակցության առումով`Ինդոնեզիայում 16%-ն է գործածում, իսկ Հնդկաստանում մոտ 3%-ը: Բնակչության 100% օգտվողներ կան Մոնակոյում, 66%` Իսլանդիայում, մոտ 50%` Չիլիում, Նորվեգիայում, Սինգապուրում: Հայաստանն այս վիճակագրական ցանկում, ըստ օգտվողների քանակի, 117-րդ տեղում է` 190 հազար թվաքանակով, իսկ բնակչության մեջ տոկոսային արտահայտվածությամբ` 6,4%: Այս մասին նշում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Արմինե Ղազարյանը։

«Հայաստանում ևս, ըստ վերլուծությունների, այս ցանցը բավականին ակտիվանում և ընդլայնվում է: Օրըստօրե ֆեյսբուքի գործառնություններն ավելի բազմազան են դառնում. եթե սկզբում ընկերներ ձեռք բերելու և կապեր ստեղծելու, շփման, տեղեկատվության փոխանցման միջոց էր, ապա յուրաքանչյուր նոր օր գրանցվում և ամենատարբեր ծառայություններ են առաջարկում տարբեր անհատներ, հասարակական կազմակերպություններ»,- ասում է նա:

Հայաստանում Ֆեյսբուք ցանցի օգտվողների 56%-ը կանայք են: Օգտվողների ամենամեծ մասը 18-24 տարեկան երիտասարդներ են` 37%, 25-34 տարեկանները` 30 %, 35-44 տարեկանների խումբը կազմում է միայն 10%-ը:

Ըստ փորձագետի՝ Ֆեյսբուքում հասարակական-քաղաքական կյանքն արտացոլվում է բազմակողմանի. կան իրադարձությունների և մարդիկ, որոնց շուրջ «համընդհանուր» քննարկումները հիմնականում դրական, «գովաբանական» բնույթ ունեն, սակայն նաև զայրույթ են առաջացնում, և քննարկումներն անխնա քննադատություն են պարունակում։ Դրանք կարող են կարճ քննարկման նյութ դառնալ և արագ մոռացվել, ինչպես նաև՝ ծայրահեղ` բևեռային մոտեցումներ են առաջացնել։ Այսինքն՝ քննարկումները պարունակում են դրականից բացասական տարրապատկեր՝ մինչևիսկ ագրեսիվ:

Հայաստանում Ֆեյսբուքում ավելի շատ լինում են կանայք. Փորձագետ