Մանկական գիրությունը սկսվում է դեռ ներարգանդային շրջանում

15:55 • 16.08.11

«Դեռահասների համար իրենց մարմնի տեսքը բավական կարևոր է ինքնագնահատական կերտելու առումով։ Սխալ է, եթե ծնողները սկսում են նշել «Դու տգեղ ես», որպեսզի երեխան ավելի քիչ ուտի և գեղեցիկ դառնա», - այսօր ասուլիսում նշեց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը։ Ըստ նրա՝ երեխաների համար սնունդը հաճախ է ենթագիտակցորեն տարբեր կոմպլեքսներն և միջանձնային խնդիրները մոռանալու միջոց է դառնում։

Մանկական գիրությունը կարող է սկսվել դեռ ներարգանդային շրջանում։ «Այն տարածված կարծիքը, որ հղի կինը պիտի շատ ուտի, կարող է ներարգանդային ճարպակալման հանգեցնել»,- ասաց Բաղրամյանը։ Ըստ նրա՝ մեկ տարեկան հասակում խոսելու անկարողությունը կարող է փոխարինվել ուտելով, իսկ ավելի մեծ տարիքում նաև «հասակակիցների հետ խնդիրները կարող են կոմպենսացվել ուտելով»։

Բաղրամյանը նշեց, որ նման խնդիր ունեցող երեխային օգնելու համար ծնողները պիտի հոգեբանորեն ճիշտ վերաբերմունք ձևավորեն, ոչ թե երեխային արգելեն ուտել երեկոյան ժամերին, իսկ իրենք նստեն ընթրիքի, այլ՝ սննդակարգը պահեն միասին։ Պետք է համապատասխան սպասք և կահավորանք ընտրեն, որ լինեն գեղեցիկ, սակայն ոչ ախորժաբեր։

«Վիճակագրություն կա, որ եթե մարդն ուտում է կշտանալու համար, ապա նա առավել հակված է գիրանալու. մարդը պիտի իր սննդից հաճույք ստանա»,- ասաց նա՝ կարևորելով երեխային որևէ բան չարգելելը։ «Պետք չէ ասել, թե դրսի ամեն սնունդ վատն է, քանի որ երեխաները սիրում են արգելված բաները»,- ասաց նա։

Մանկական գիրությունը սկսվում է դեռ ներարգանդային շրջանում