Գեր տղամարդիկ կանացիանում են ու չբեր դառնում

14:49 • 16.08.11

Ամբողջ աշխարհում ամեն երրորդ մարդն ունի ճարպակալման խնդիր, որից էլ առաջ են գալիս բազմաթիվ և տարատեսակ հիվանդություններ։ Այսօր ասուլիսում այս մասին ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Ավետիսյանը։
Ըստ էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանի՝ հիվանդության հենց սկզբնական շրջանում շատ քիչ մարդ է դիմում բժիշկներին ուղղակի հավելյալ քաշի համար, սովորաբար դիմում են, երբ հավելյալ քաշն արդեն վերածվում է խնդրի։

«Ցանկացած մարդ, եթե իր հետ մի օր փորձի տեղափոխել հինգ կիլոգրամանոց պայուսակ, օրվա վերջում կլինի գերհոգնած։ Հիմա պատկերացրեք, որ հավելյալ քաշը ամեն օր իրենց հետ տանում են ամենուր»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ կարող են արդյունքում լինել սրտի, ողնաշարի, ոտքերի հիվանդություններ, ինչպես նաև շաքարային դիաբետ, որ օրըստօրե տարածվում է աշխարհում։ «Եվ ասեմ, որ երբ արդեն այդ խնդիրներով դիմում են բժշկի, միայն քաշն իջեցնելով հազիվ թե լուծվեն այդ հարցերը»,- ասաց նա։

Ըստ Բաղրամյանի՝ տղամարդկանց մոտ ճարպակալման հետևանքով նորմալ արտադրված տղամարդկային հորմոնները վերածվում են կանացի հորմոնների։ Դրա հետևանքով ճնշվում է սպերմատազոիդի զարգացման, հասունացման և բեղմնավորման պոտենցիալի հնարավորությունը՝ այսինքն առաջ է գալիս չբերություն։ Կանանց մոտ ևս ճարպակալումը կարող է հանգեցնել չբերության։

Գեր տղամարդիկ կանացիանում են ու չբեր դառնում