Ղարաբաղցի երեխաները դպրոց կգնան նեթբուքերով

14:07 • 16.08.11

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ, համաձայն ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և բարերար Էդուարդո Էռնեկյանի միջև 2011թ. հունվար ամսին կնքված պայմանագրի, նոր ուսումնական տարվանից Արցախում գործարկվելու է ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը: «Ծրագրի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է դյուրակիր համակարգիչներ տրամադրել 1-4-րդ դասարանի երեխաներին և նրանց ուսուցիչներին: Այս կրթական ծրագիրը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում»,- այսօրվա ասուլիսին հայտարարեց «Ֆրութֆուլ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Աննա-Քրիստինա Շիրինյանը: Նրա խոսքով, ծրագրի առաջին փուլում նախանշված են նաև շուրջ 160 ուսուցչի վերապատրաստման դասընթացներ: «Ուզում եմ հատուկ նշել, որ տրամադրվող համակարգիչներն ունեն հայատառ ստեղնաշարեր ու հայկական ծրագրեր, ինչը շատ կարևոր է»-շեշտեց հիմնադրամի տնօրենը:

«Ծրագրի առաջին փուլում մենք ընտրել ենք Ստեփանակերտն ու Շուշին: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ այդ երկու քաղաքներում համացանցի հնարավորություն կա, ինչը մեր ծրագրի գործարկման անհրաժեշտ պայմաններից մեկն է»,- պարզաբանեց Աննա-Քրիստինա Շիրինյանը` հավելելով, որ հետագայում ծրագրի աշխարհագրությունը կընդլայնվի` Ղարաբաղի այլ բնակավայրերում համացանցի տարածմանը զուգահեռ:

«Այս ծրագիրը մինչ այս կիրառվել է աշխարհի 40 երկրներում, ինչի շրջանակում մոտավորապես 2 միլիոն համակարգիչ է նվիրվել: Ամենաշատն այս ծրագրից օգտվել է Ուրուգվայը, որտեղ 400 հազար համակարգիչ է տրամադրվել»,- ասաց ՆՈՒՌ ծրագրի ղեկավար դոկտոր Սեբաստիան Արիաս Դյուվալը: Նա բարձր գնահատեց ծրագրի գործարկումը Հայաստանում, մասնավորապես, Ղարաբաղում`այն համարելով ծանրակշիռ ներդրում ժամանակակից կրթության զարգացման հարցում:

Ղարաբաղցի երեխաները դպրոց կգնան նեթբուքերով