Վեց ամսում հայերը Wikipedia-ում ավելացրել են 1628, ադրբեջանցիները՝ 27 հազ. հոդված

18:08 • 17.08.11

Վերջին կես տարում Wikipedia օնլայն հանրագիտարանում հայերեն հոդվածների թիվն ավելացել է 1628-ով և այժմ կազմում է 14 619: Ավելացել է նաև հայաստանյան օգտագործողների թիվը՝ 10 221-ից դառնալով 12 599: Չնայած դրան՝ նվազել է ակտիվ օգտագործողների թիվը. 2011թ. փետրվարին ակտիվ էին 167 մասնակիցներ, իսկ այժմ՝ 153: Հանրագիտարանում ակտիվ են համարվում այն օգտագործողները, որոնք գործողություն են կատարել վերջին 30 օրվա ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է pcnews.am-ը, ադրբեջաներեն հոդվածների թիվը կտրուկ աճ է գրանցել. կես տարի առաջ հանրագիտարանում հաշվվում էր 54 հազար ադրբեջաներեն հոդված, իսկ այժմ՝ 81.199: Ընդ որում՝ ակտիվ օգտագործողների թիվը գրեթե չի փոխվել (359` նախկին 339-ի համեմատ): Ինչ վերաբերում է թուրքերեն հոդվածներին, դրանց թիվն անցնում է 172 հազարը:

Նշենք, որ ավելացված հայերեն հոդվածների մեծ մասը ս.թ. մարտին Հայաստանում կազմակերպված մի շարք միջոցառումների արդյունք է, որոնց ընթացքում ուսանողները և այլ կամավորներ Wikipedia-ն համալրեցին ընդհանուր առմամբ ավելի քան 640 հայերեն հոդվածով:

Վեց ամսում հայերը Wikipedia-ում ավելացրել են 1628, ադրբեջանցիները՝ 27 հազ. հոդված