Վահան Համազասպյանն ուզում է Ղարաբաղը դարձնել առաջին հելիոֆիկացված երկիրը աշխարհում

14:38 • 19.08.11

«Մենք չունենք էներգետիկ ռեսուրսներ, բացի այդ, Հայաստանը ունի լուրջ տնտեսական խնդիրներ, աշխատատեղեր չկան, արտագաղթի պրոբլեմ կա։ Այսինքն` գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ»,– լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նկատեց Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրերի հեղինակ, տեխնիկական գիտություների դոկտոր Վահան Համազասպյանը։ Նա նշեց, որ անհրաժեշտ է զարգացնել այլընտրանքային էներգիան՝ որպես արդյունաբերության ճյուղ, որպեսզի մի կողմից մեղմվի տնտեսական ճգնաժամը, մյուս կողմից՝ այդ արտադրությամբ Հայաստանը մուտք գործի միջազգային շուկա։

Գիտնականը տեղեկացրեց, որ այլընտրանքային էներգիայի ստացման ծրագիրը բավական սառը վերաբերմունքի է արժանանում կառավարության կողմից։ «Իշխանությունները վատ են վերաբերվում մեր ծրագրին, կամ արհամարում են, անտեսում են, կամ էլ չեն հասկանում»,–նկատեց բանախոսը։ Նա հավելեց, որ նախկինում ծրագրի իրականացման համար իրենց հողատարածք էր տրամադրվել Աբովյանում, սակայն կրթության ներկայիս նախարարը որոշել է կասեցնել այդ տարածքում գործունեություն ծավալումը։

«Սպիտակում մենք նախատեսել ենք առաջին այդպիսի՝ «Հելիոսարքաշինական» գործարանը հիմնել, որի շուրջ բանակցություններ ենք վարում Բելառուսի հետ։ Ասեմ, որ իմ գործընկերը հանդիպել է նաև Միխայիլ Գորբաչովի հետ, ով հանդիսանում է «Կանաչ Խաչ» բնապահպանական խոշոր ընկերության հիմնադիրը։ Նա արդեն մակագրել է մեր նամակն ու ցանկություն հայտնել ներդրումներ կատարել»,–ասաց բանախոսը։ Նա շեշտեց, որ պետությունից ակնկալում են զուտ իրավական, տեխնիկական աջակցություն, քանի որ գործարանի շենքը կա, առկա է մոտ ութ միլիոն դոլարի ներդրման հնարավորություն. «Մենք ֆինանսական հարցերը կլուծենք, մնում է իշանությունները համապատասխան որոշումներով նպաստավոր պայմաններ ստեղծեն, առավել ևս այն բխում է պետության և բնակչության շահերից։ Մեր բնակչությունը պետք է ունենա այլընտրանքային աղբյուր՝ հնարավոր շրջափակումների և այլ անցանկալի իրավիճակներում համարժեք ելքեր ունենալու համար»,– ընդգծեց գիտնականը»։ Բանախոսը տեղեկացրեց նաև, որ Սպիտակում գործարկվելիք գործարանը 80 օրվա մեջ կարող է ատոմայականի մեկ օրվա արտադրանք տալ։

Այլընտրանքային էներգետիկ հարցերով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թադևոսյանն էլ կարևորեց այլընտրանքային էներգիա ստացումը մի քանի ուղղություններով. «Հայաստանը ունի այլընտրանքային էներգիա մշակելու հնարավորություն, որովհետև ունենք ֆունդամենտալ գիտություն և փորձառու մասնագետներ։ Մյուս կողմից այդ գործընթացը հակաճգնաժամային ծրագիր է, որով կարելի է լուծել գլոբալ խնդիրներ»։ Նա շեշտեց, որ գործարանի համար պետք է լինի համակարգված ու համապետական մոտեցում։

Բանախոսները նշեցին, որ հելիոսարքաշինական գործարանը Սպիտակում հիմնելու միտքն իրենցն է, նախ՝ որովհետև իրենք Սպիտակից են, նաև հաշվի են առել այն հանգամանքը, որ այդ շրջանում կան նպաստավոր պայմաններ։ Սակայն, նրա խոսքից պարզ դարձավ, որ գիտնականների նպատակն ավելի հեռահար է։

«Պետք է ասեմ, որ մեր գերնպատակն է Ղարաբաղը դարձնել առաջին հելիոֆիկացված երկիրը աշխարհում»,–խոստովանեց Վահան Համազասպյանը։

Վահան Համազասպյանն ուզում է Ղարաբաղը դարձնել առաջին հելիոֆիկացված երկիրը աշխարհում