Հայտնաբերվել են երկրի ամենահին բնակիչները

18:02 • 22.08.11

Ավստրալիայի արևմտյան Ստրելլի Պուլ բնակավայրի մոտ գտնվող երկրագնդի ամենահին ապարային շերտում գտնվել են միաբջիջ հնագույն օրգանիզմների քարացած մնացորդներ։ Ինչպես գրում է The Daily Mail թերթը, դրանք ապրել են երկրի վրա մոտ 3,4 միլիարդ տարի առաջ։

Բրիտանացի ու ավստրալացի գիտնականների հայտնագործությունը հաստատում է այն վարկածը, որ երկրագնդի վրա միաբջիջ օրգանիզմներ կարող էին առաջանալ և ապրել նույնիսկ մինչ թթվածնի առաջացումը։ Դրանք էներգիա ստանալու համար օգտագործել են ծծումբը։

Այս փաստը հաշվի առնելով գիտնականները կարծում են, որ այլ մոլորակների վրա ևս կարող է կյանք գոյություն ունենալ, որտեղ չկա թթվածին։

Քարացած միկրոօրգանիզմները հայտնաբերվել են կվարցային ավազի և երկրագնդի վրա ամենահին ապարի՝
ստրոմատոլիտի շերտերի միջև։

Գտածոները համադրելով տեղանքի հետ երկրաբանները փորձել են վերականգնել 3,4 միլիարդ տարի առաջվա երկիր մոլորակը, որտեղ սովորական երևույթներ են եղել հրաբուխներն ու ընկնող երկնաքարերը, և ինչն ավելի կարևոր է՝ մթնոլորտում չի եղել թթվածին, քանի որ երկրագնդի վրա դեռ չէին առաջացել այն արտադրող բույսերն ու ջրիմուռները։
 

Հայտնաբերվել են երկրի ամենահին բնակիչները