Tert.am-ն ու Skype–ը՝ TV–ով. Սամսունգը 30 տեսակի խելացի հեռուստացույց է բերում Հայաստան

11:53 • 23.08.11

«Samsung Electronics» ընկերությունն այսօր ներկայացրեց հեռուստացույցի ավելի քան 30 նոր մոդելներ՝ սկզբունքորեն նոր տեսակի սարքավորումներ՝ Smart TV-ներ: Այժմ դրանք ոչ միայն ցուցադրում են հաղորդումներ և ֆիլմեր, այլև՝ Social Hub ինտեգրված ծառայության միջոցով միավորում համացանցի և հեռուստացույցի հնարավորությունները։

Social Hub-ի Samsung Apps գործառույթը հնարավորություն է տալիս ներբեռնել և տեղադրել ֆայլեր հեռուստացույցում, ինչպես սմարթֆոնով կամ պլանշետային համակարկգչով։ Այս գործառույթի համար այս պահին Samsung Apps-ում կա 40 ծրագիր, որոնք տրամադրվում են անվճար.

Դրանք հայ սպառողին հնարավորություն են տալիս օգտվել հայատառ կայքերից՝ ինչպես Facebook, Toutube կամ Twiiter, այնպես էլ հայկական լրատվական կայքեր։ «Մենք հիմա նայեցինք Tert.am-ը. այստեղ դիտում ենք հայատառ նորությունները։ Միացնելով Android համակարգով աշխատող որևէ հեռախոս և այն գործարկելով՝ որպես հեռակառավարման վահանակ, կարող եք օգտվել համացանցից. իմ հեռախոսի միջի նկարները փորձենք նայել էկրանին»,- ցուցադրեց Հայաստանում «Սամսունգի» ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը։։

Նշվեց նաև, որ ինտերնետ-բրաուզեր, Search All, Social TV գործառույթներն աշխատում են օպտիմիզացված մեծ էկրանների հետ։ «Բոլորի կողմից սիրելի Skype-ը ևս այս հեռուստացույցի միջոցով հասանելի է դառնում։ Կարելի է շփվել լայնէկրան հեռուստացույցով»,- ասաց Շահբազյանը։

Allshare գործառույթը DLNA միացման միջոցով հնարավորություն է տալիս ստեղծել տնային ցանց բոլոր համատեղելի սարքերի միջև։ Դրա շնորհիվ սպառողները կարող են փոխանակվել լուսանկարներով վիդեո-թվային տեսախցիկներից, բջջային հեռախոսներից կամ հեռուստացույցի էկրանին դիտել տարբեր ֆայլեր։

Ըստ Շահբազյանի՝ այսուհետ Հայաստան պաշտոնապես ներկրված արտադրանքը ոչ բարեխիղճ ներկրողներից պաշտպանելու համար կրելու է «Արտադրված է Հայաստանի համար» հոլոգրաֆիկ նշանը։

Ներկայացված 30 «խելացի հեռուստացույցների» մոդելների մեծ մասն արդեն կան Հայաստանում, առաջիկայում կլինեն նաև մյուս մոդելները. գինը կտատանվի 190 000 դրամից մինչև 1 և ավելի միլիոն։ «Միջակայքը բավական մեծ է, ինչպես և նրանց հնարավորությունները։ Նախատեսում է 3-4 հազար հեռուստացույց ներկրել մինչև տարեվերջ»։
 

Tert.am-ն ու Skype–ը՝ TV–ով. Սամսունգը 30 տեսակի խելացի հեռուստացույց է բերում Հայաստան