Android-ը հասանելի կլինի նաև հիբրիդային ավտոմեքենաներում

16:20 • 24.08.11

Ռուսական հիբրիդային ավտոմեքենայի մեջ պլանավորվում է օգտագործել Android օպերացիոն համակարգը: Նախագծի հեղինակները խոստանում են, որ ավտոսիրահարները հնարավություն կունենան տեղադրել այդ հարթակի համար գրված ցանկացած հավելումներ:

Ինչպես հաղորդվում է «Ё-авто» ընկերության բլոգում, ավտոմեքենայի տերը կկարողանա ինքնուրույն տեղադրել ՕՀ-ի հետ համատեղելի տարատեսակ ծրագրեր` ժամանցային, առաքման ծառայություններ, տաքսի պատվիրելու հավելումներ և այլն: Միևնույն ժամանակ մշակողները հոգացել են նաև անվտանգության մասին` հավելումների ներբեռնումը, տեղադրումը և կարգավորումները հասանելի կլինեն բացառապես մեքենայի կանգնած վիճակում:

Չնայած որ Android-ը մեծ մասամբ օգտագործվում է սմարթֆոններում, համակարգն ավելի լայն կիրառության ոլորտ ունի և առաջին անգամ չէ, որ օգտագործվում է ավտոմեքենաների բորտ-համակարգիչների մեջ: Ավելի վաղ Google ՕՀ-ի օգտագործման մասին հայտարարել էին Saab-ը և չինական Shanghai Automotive Industry Corporation ընկերությունները:

Հիբրիդների արտադրությունը կսկսվի 2012թ.-ին: Տարեկան պլանավորվում է թողարկել 45 000 մեքենա, որոնց արժեքը կտատանվի 360-490 հազար ռուբլու սահմաններում, կախված թափքի և սարքավորումների տիպից: Նախնական պատվեր արդեն կատարել են ավելի քան 147 000 գնորդներ:

PCnews.am

Android-ը հասանելի կլինի նաև հիբրիդային ավտոմեքենաներում