Խմորեղենը կարող է արգանդի քաղցկեղի հանգեցնել
Շվեդիայի Կարոլինյան համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ շաբաթական 2–3 անգամ խմորային ուտեստներ օգտագործող կանանց մոտ արգանդի քաղցկեղի առաջացման հավանականությունը 33 տոկոս է։ Իսկ ավելի հաճախ օգտագործողների մոտ մինչև 42% հավանականություն կա, գրում է The Daily mail–ը։
Ալյուրից պատրաստված սննդի ու քաղցկեղի այս տեսակի միջև կապը գտնելու համար գիտնականներն ուսումնասիրել են 1987–1990 թթ ընկած ժամանակահատվածում 1000 կնոջ տվյալները՝ նրանց կենսակերպի, դիետայի, առողջական վիճակի ու քաշի մասին։ 2008–ին ստուգվել է այդ նույն կանանց առողջական վիճակը։ Պարզվել է, որ արգանդի քաղցկեղի բարձր տոկոս կա «խմորեղեն և բուլկիներ ուտող» կանանց մոտ, ինչը չի կարելի ասել այլ քաղցրավենիք նախընտրողների մասին։
Այս փաստը մասնագետները դեռ չեն կարող բացատրել։ Նրանք սպասում են նմանատիպ այլ հետազոտությունների արդյունքների։ Սակայն շեշտում են ,որ այս քաղցկեղի դեմ պայքարի լավագույն ձևը առողջ քաշի պահպանումն ու սպորտով զբաղվելն է։










