Facebook-ը կհեշտացնի օգտատերերի էջերի գաղտնիության կարգավորումները
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը կպարզեցնի օգտատերերի էջերի գաղտնիության կարգավորումները, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Էջում տեղադրված տեղեկատվության արգելափակումն ապահովող ֆունկցիաներից մեծ մասը օգտատերերի անհատական էջերի կարգավորման բաժնից կտեղափոխվի անմիջապես օգտատերերի էջեր:
Այսպես, անձնական էջում կհայտնվի մի կոճակ, որը սեղմելով՝ օգտատերը կտեսնի, թե ում է հասանելի իր մոտ տեղադրված անձնական տեղեկատվությունը, լուսանկարները և հաղորդագրությունները: Հենց այդ կոճակի միջոցով էլ հնարավոր կլինի փոխել կարգավորումները:
Օգտատերը կոճակի միջոցով կկարողանա թույլատրել կամ արգելել հրապարակումներն իր պրոֆայլում, նշումները լուսանկարների վրա և այլն: Մինչ տեղեկատվության հաստատումը այն չի արտացոլվի օգտատերի պրոֆայլում:
Facebook-ը օգտատերին նաև հնարավորություն կընձեռի տեսնել, թե ինչպիսի տեսք ունի իր պրոֆայլն այլ օգտատերերի համար: Բացի այդ, հաղորդագրություններ տեղադրելու տողում կլինի նոր կոճակ, որի միջոցով հնարավոր կլինի նշել ընկերների այն շրջանակը, ում համար հաղորդագրությունը տեսանելի կլինի:
Սոցցանցում նաև կավելանա «Գտնվելու վայրը» ֆունկցիան, որը նախկինում հասանելի էր միայն mobile տարբերակի օգտատերերին:
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նոր ծառայությունները կհայտնվեն առաջիկա օրերին:










