iPhone և iPad- միջոցով Ճապոնիայում երկրաշարժերը կդառնան կանխատեսելի

11:38 • 24.08.11

Ինչպես հայտնում է 9to5Mac բլոգը, Ճապոնիայի բնակիչներն այսուհետ iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների միջոցով կարող են տեղեկություններ ստանալ տարածաշրջանում անբարենպաստ սեյսմիկ իրավիճակի մասին:

Տվյալ ֆունկցիան հասանելի կլինի աշնանը ներկայացվելիք iOS 5 օպերացիոն համակարգում: Տեղեկացումը հնարավոր կլինի միացնել կարգավորումների մենյուից, և երկրաշարժի վտանգի դեպքում տեղեկացումների վահանակի վրա կհայտնվի համապատասխան հաղորդագրությունը:

Ինֆորմացիան տրամադրելու է դեռևս 2007 թվականից Ճապոնիայում գործող Երկրաշարժների մասին տեղեկատվության ազգային համակարգը (EEW): Ինչպես հաղորդվում է, երկրաշարժի մասին տեղեկատվության տարածումը կլինի երկարաշարժը սկսվելու պահից մի քանի վայրկյանից մինչև 1-2 րոպե առաջ:

 

App Store-ում այս պահին առկա են մի քանի նման տեղեկատվական համակարգեր, մասնավորապես Yurekuru Call-ը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայում 2011թ. Մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհվել էին ավելի քան 15,5 հազար մարդ, ևս 5,5 հազար մարդ ստացել էին տարբեր վնասվածքներ: Տարերային աղետի հետևանքով վնասվել էր նաև «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որի վնասված ռեակտորից մեծ քանակությամբ ռադիացիոն արտահոսք էր գրանցվել, որի հետևանքները մինչ այժմ էլ դեռ վերացվում են:

PCnews.am

 

iPhone և iPad- միջոցով Ճապոնիայում երկրաշարժերը կդառնան կանխատեսելի