Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը պահանջում է ազատ արձակել Հայկ Գևորգյանին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարություն է տարածել «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման առնչությամբ և պահանջում է, որպեսզի դատարանը փոխի խափանման միջոցը և անհապաղ ազատ արձակի նրան:
Հայտարարությունում ասվում է, որ ակումբի համար անհասկանալի է մնում, թե ՀՀ ոստիկանությունը ինչպես չի կարողացել 10 օր շարունակ գտնել «հետախուզվող» Հայկ Գևորգյանին, թե «ինչ հիմքերով է հայտարարվել Հայկ Գևորգյանի հետախուզումը, երբ նրա գտնվելու վայրը հայտնի է եղել. նա ամեն օր աշխատանքի է գնալ նույն ավտոմեքենայով, ամեն օր հոդվածներ է հրապարակել թերթում և խմբագրել թերթը, հավատարմագրով ելումուտ է արել պետական հիմնարկներ և մասնակցել կառավարության նիտերին» և թե «ինչու որևէ կարգավիճակով ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ուղարկվել Հայկ Գևորգյանին»:
«Մենք հիմնավոր ենք համարում «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի մտահոգություններն առ այն, որ օրաթերթի առաջատար լրագրողի նկատմամբ ոստիկանությունն իրականացնում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայկ Գևորգյանը ձերբակալվել է 2012թ. փետրվարի 3-ին և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ըստ ոստիկանության պաշտոնական բացատրության` Հայկ Գևորգյանը հունվարի 13-ին վրաերթ է կատարել, մի քաղաքացուն թողնելով դեպքի վայրում, հեռացել տարածքից ու ոստիկանությունը 10 օր շարունակ որոնել է նրան:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նաև հայտարարում է, որ «իր վերլուծական հոդվածներով իշխանություններին տարիներ շարունակ հիմնավոր կերպով քննադատած լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման հիմքերը շինծու են, նման են վրեժխնդրության, և նպատակ ունեն այլ լրագրողների ահաբեկմամբ հերթական անգամ սահմանափակել խոսքի ազատությունը Հայաստանում»:
«Չնայած այն ամենահնարավոր հանգամանքին, որ ոստիկանության այս հարձակումը նպատակ ունի խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, խորացնելու վախի միջավայրը հայաստանյան լրատվական դաշտում, «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ այս հերթական հարձակումն անպտուղ է լինելու. ոստիկանության հաշվարկը հերթական անգամ սխալ է, արդյունքում հերթական անգամ տուժելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:
Մենք, միանալով ազատ լրագրողական հանրության պահանջներին, պահանջում ենք փոխել Հայկ Գևորգյանի խափանման միջոցը և անհապաղ ազատ արձակել նրան»,- ասվում է հայտարարությունում:









