Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության 70-ամյակին նվիրված միջոցառմանը շնորհավորական ուղերձ է հղել (տեսանյութ)

19:59 • 29.11.26

Ես ինքս այստեղ՝ որպես ուսանող աշխատելու որոշակի փորձ ունեցա, մինչև այն պահը, երբ ի հայտ եկավ Հանրային հեռուստատեսությունում և եթերում իմ հայտնվելու մի շատ օբյեկտիվ խոչընդոտ՝ իջևանյան ակցենտն էր, որն ինձ հասկանալիորեն չէր կարող տանել դեպի հեռուստատեսային եթեր, և այդ պահից էր, որ ես որոշում կայացրեցի անցնել գրող-լրագրության, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերության 70-ամյակին նվիրված միջոցառման իր ուղերձում։

«Այսօր շարունակում ենք լինել սպառողը այն բովանդակության, որ ստեղծվել է վերջին 70 տարվա ընթացքում։ Սա, ես անկեղծ պիտի ասեմ, շատ լավ չեմ համարում, որովհետև կարծում եմ, որ 35 տարվա անկախության ընթացքում, ի վերջո մեր անկախության 35 տարին, հանրային հեռուստատեսության 70-ամյակի ուղիղ կեսն է, բայց բովանդակության և մտածողության այն ձևերը, որը մենք այսօր ունենք և արտահայտում ենք հանրային հեռուստատեսությամբ, ընդ որում ես համոզված եմ, որ հանրային հեռուստատեսությունը արտահայտում է մեր մտածողության ձևերը։

Կեսը տարիքը արդեն անկախության շրջանում է, բայց բովանդակության հիմնական մասը և ձևերը, որոնք այսօր մենք սպառում ենք, ձևավորվել են նախորդող շրջանում, և սա համարում է մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը, որովհետև ես կարծում եմ, որ հեռուստատեսությունը, հատկապես հանրային հեռուստատեսությունը այն հարթակն է, որտեղ պետք է ձևավորվեն քաղաքական, մշակութային, հանրային կյանքի մտածողության նոր ձևեր և նոր բանաձևեր, որոնք, իհարկե, բխում են և հիմնված են և օրգանական կապ ունեն նախորդող ձևերի հետ։

Շատ է խոսվում նրա մասին, որ մենք ռեսուրսներ չունենք, նկատի է առնվում բնական պաշարներները և մեզ համեմատում են ամենահարուստ բնական պաշար ունեցող երկրների հետ, և այստեղ օբյեկտիվ իրականություն կա։ Բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մտածողության ձևերը և բանաձևերը, որոնցով առաջնորդվում է հանրությունը, ամենամեծ ռեսուրսն են, և եթե մտածողության ձևերը իրենք իրենց տեղով և իրենք իրենց ձևով հետ են մնում աշխարհի փոփոխություններից, դա նշանակում է, որ մենք հետ ենք մնում աշխարհի զարգացումներից։

Հետևաբար մշակութային և հանրային քաղաքական մտածողության ձևերի առաջընթաց զարգացումն է, որ կարող է մեզ դնել աշխարհի առաջապահների և ոչ թե հետնապահների շարքում, և ես կարծում եմ, որ մենք որպես և պետություն, հենց նման խնդիր պետք է ձևակերպենք հանրային հեռուստատեսության առաջ, որը պետք է հանրային քաղաքական, մշակութային, մտքի զարգացման կարևորագույն հարթակներից մեկը դառնա, և ես ուզում եմ հույս ունենալ, որ հանրային հեռուստատեսությունը հենց այս տրամաբանության վրա կզարգանա հետագայում»,- ասել է նա։