... բոլորովին ուրիշ պետություն են Հոնդուրաս կոչել. Ֆեյսբուքահայության արձագանքը Հայկ Գևորգյանի խնդրի կապակցությամբ (տեսանյութ)
«Հայկական ժամանակ» թերթի փոխխմբագիր, լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալությունը բուռն քննարկումների առիթ է դարձել Facebook-ում։ Քննարկումներին մասնակցում են տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների տեր մարդիկ, բայց առավել աչքի են ընկնում հենց լրագրողական հանրության ներկայացուցիչները։ Ներկայացնում ենք սոցիալական ցանցերում արված մի քանի գրառումներ, ինչպես նաև մի հետաքրքրաշարժ տեսանյութ։
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան
«1000 անգամ ասել եմ, որ սրանք ամեն ինչի են ընդունակ: Հայկը երևի էժան է պրծել, լավ է մեքենայից Սիրայի ընդդիմադիրներին օգնելու համար նախատեսված ականանետներ ու հայ միլիցոնց մասին ճշմարիտ անեկդոտների թարմ ժողովածուն չեն գտել: ... բոլորովին ուրիշ պետություն են Հոնդուրաս կոչել»:
Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյան.
«Երեկ ընկերներով բանավիճում էինք, թե «աբսուրդ» ասվածը ինչով ա բնորոշվում։ Կյանքը փաստորեն մեզ օրինակ մատուցեց։ Աբսուրդը այ էս ա, երբ որ պարզվում ա` ամբողջ 10 օր բոլորը տեսնում էին «հետախուզվող» Հայկ Գևորգյանին, իսկ հայոց ոստիկանությունը` անձնուրացորեն չէր տեսնում։ Իսկ եթե ռեալիզմի տիրույթ մտնենք, մնում ա ենթադրել որ մեր ոստիկանությունը 10 օրում ա կարում գործ սարքի լրագրողի վրա»։
«Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրաելյան.
«Արդեն այնքան բան է ասված Հայկի մասին, որ էլ ոչինչ հնարավոր չէ ավելացնել: Միայն ասեմ՝ ճանաչելով Հայկին բացառում եմ այն, ինչ նրան փորձում են վերագրել, որ ինչ որ մեկին թողներ անօգնական: Եվ մանավանդ այն, որ նման անհամաչափ միջոց է ընտրվել՝ էլի հանգեցնում է եզրակացության, որ սա վրեժխնդրություն է նրա լրագրողական գործունեության համար»:
«Հետք» կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյան.
«Եթե ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող կառույցը Հայկ Գևորգյանին հայտնաբերելու համար հունվարի 23-ին սկսել է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և արդյունքում նրան չի հայտնաբերել, իսկ հետո հետախուզում է հայտարարել ու միայն փետրվարի 3-ին կարողացել հայտնաբերել Հայկին, ապա պետք է լուծարել ոստիկանությունը որպես կառույց»:
«Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյան.
«Հայկի հետ կապված առնվազն մի քանի հարցեր են առաջանում, որոնց ոստիկանությունը պետք է հիմնավոր պատասխանի.
1. Ի՞նչ տարօրինակ հետախուզում է ,երբ մարդն ազատորեն իր առօրյա կյանքով ապրում է:
2. Ինչու են մարդուն հետախուզում հայտարարում, երբ վերջինս չի թաքնվում:
3. Արդյո՞ք օրենքի տառին համաձայն են ծանուցել Հայկին:
4. Ի՞նչ տարօրինակ տուժող է, որ ըստ էության ոչ մի լուրջ վնասվածք չունի:
5. Ոստիկանապետի հետ վատ հարաբերություն ունեցող սա էլ երկրորդ քաղաքացին է, որ կալանավորվում է ավտոճանապարհային պատահարից հետո: Արդյոք սա զուգադիպություն է»:
Մեկ այլ գրառման մեջ Պետրոս Ղազարյանը գրել է.
«Բացարձակ կապ չունի, թե մենք ինչպես ենք վերաբերվում «Հայկական Ժամանակ»- ին՝ առաջատար թերթի, թե երբեմն էթիկայի բոլոր նորմերը խախտող քարոզչամիջոցի: Ես չգիտեմ Հայկը իրոք մեղավոր է, թե ոչ: Բայց գիտեմ, որ մեր Ոստիկանությունում ընդդիմադիր լրագրողներին մեղմ ասած չեն սիրում: Հետեևաբար, այս գործը պետք է մաքսիմալ քաղաքացիական և լրագրողական հանրության ուշադրության կենրոնում լինի»:
Համացանցում հայտնվել է նաև մի հետաքրքրաշարժ մուլտֆիլմ, որում անթաքույց ակնարկվում է Հայկ Գևորգյանի հետ պատահածի շինծուության վերաբերյալ.









