Մշակույթի նախարարությունը ծանոթ է Գրապալատի խնդրին, բայց կանդրադառնա 2013թ.

12:56 • 04.02.12

ՀՀ Մշակույթի նախարարությունն ունի իր մեղքի բաժինը Հայաստանի ազգային գրապալատը նման անմխիթար վիճակի հասցնելու համար, Tert.am-ի հետ զրույցում խոստովանում է Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Սակայն նա նկատում է, որ գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը «նման սրտացավ վիճակ ունենալու պարագայում, կարող էր արտաբյուջեից հատկացված իր 4 մլն տարեկան ֆինանսների մի մասն օգտագործել և մասամբ վերանորոգել տանիքը, բանը չհասներ նրան, որ առաստաղից կաթող տեղերում դույլեր դրվեին:

Նշենք, որ Գրապալատի ֆոնդը, որտեղ պահվում են 1920թ.-ից մինչ օրս լույս տեսած տպագիր բոլոր հրատարակությունները և նյութերը, խոնավությունից ինչ-որ կերպ պաշտպանելու համար ծածկված են պոլիէթիլենով, իսկ գրապահոցի անկյուններում տանիքի կաթկթոցներից խուսափելու համար, ամենուր դույլեր են շարված:

Հարցին, թե նման վիճակով ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում նշել Հայաստանում գրատպության 500-ամյակը, բացի նրանից, որ 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի մայրաքաղաք, մշակույթի փոխնախարարը պատասխանեց, որ 2008-2011թթ. 1.6 մլրդ դրամի պետական ներդրումների հաշվին վերանորգովել և հիմանորոգվել են Երևանի բոլոր պետական գրադարաները, այդ թվում և մարզային 10 գրադարաններ:

«Մենք 4 տարվա ընթացքում աննախադեպ համալիր ծրագիր ենք կյանքի կոչել: Այդ գրադարանների վիճակն ավելի վատ էր, քան Գրապալատի: Այս տարվա հատկացված 460 մլն դրամով էլ կհիմանորգվի Ազգային գրադարանը և 12 գրադարաններ գյուքով կապահովվեն»,- ասաց նա:

Արթուր Պողոսյանը նշեց, որ Գրապալատի տնօրենը ոչ ճիշտ տեղեկատվություն է տվել այն մասին, թե նախարարությունը չի արձագանքում նրա ահազանգերին. «Նախարարությունը խնդրին հետևել է , երկու անգամ հանձնաժողով է ուղարկել: Գրապալատում 83 մլն դրամի շինարարության խնդիր կա: Այն ներառվել է 2011-2013թթ. միջնաժամկետ ծրագրում: Հիմնանորագումն ամողջությամբ սկսելու ենք 2013 թ.-ին»,- հավատացրեց նա:

Պողոսյանի խոսքով` շինարարության ծրագիրը չի ներառել 2012թ. ոչ թե այն պատճառով, որ վիճակը լուրջ չեն գնահատել, այլ որովհետև չէին կարող մի ծրագիրը կիսատ թողնել և անցնել հաջորդին:

Իսկ քանի որ տպագիր գրքերի ոչնչացման վտանգը չի կարող սպասել ևս երկու տարի, Արթուր Պողոսյանը հավատացրեց, որ այս տարի կփորձեն շենքը մասնակի վերանորոգել, տեղային լուծումներ տալ, գոնե տանքից արտահոսքը կանխելու համար: