Իրանը նոր զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում

13:30 • 04.02.12

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր ռազմածովային զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին, Ռազմածովային ուժերի նավերը զորավարժություններ կանցկացնեն մոտ մեկ ամիս:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին իրանական նավատորմը Հորմուզի նեղուցում անցկացրել է «Վիլայաթ- 90» զորավարժությունները, որի ընթացքում փորձարկվել են հեռահար խոցելիության նոր հրթիռներ:

Պարսից ու Օմանի ծոցերը կապող նեղուցի շուրջ լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ իրանական իշխանությունները հայտարարեցին, որ կփակեն նեղուցը, եթե Արևմուտքն արգելք մտցնի իրանական նավթի նկատմամբ (Հորմուզի նեղուցով է կատարվում «սև ոսկու» համաշխարհային մատակարարումների մոտ 40 տոկոսը):

Միացյալ Նահանգները, ի պատասխան, հայտարարեցին, որ նման բան թույլ չեն տա: Ներկայում Պարսից ծոցում մարտական հերթապահություն են իրականացնում ԱՄՆ Ռազմածովային ուժերի Carl Vinson և Abraham Lincoln ավիակրերի գլխավորությամբ հարվածային նավախմբերը: Սպասվում է, որ մարտին Պարսից ծոց կհասնի աշխարհի ամենամեծ Enterprise ավիակիրը, որն Ատլանտյան օվկիանոսում անցկացնում է COMPTUEX վարժանքներ:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Եվրամիության երկրները հաստատեցին իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնելու որոշումը, համաձայն որի` հուլիսից եվրոպական երկրներն այլևս չեն ներմուծի իրանական նավթ: