Պուտինին կողմ և դեմ հանրահավաքներ` ՌԴ մի շարք քաղաքներում

13:07 • 04.02.12

Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում այսօր անցկացվում են նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին աջակցության հանրահավաքներ: Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը, Կեմերովո քաղաքում հավաքվել է մոտ հազար մարդ` հիմնականում «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամներ:

Այստեղ ժամեր անց կանցկացվի ևս մեկ`«Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով հանրահավաք:

Չելյաբինսկում` օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտ, անցկացվել է «Մենք հանուն Ռուսաստանի» հանրահավաք, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ներկա իշխանություններին: Չնայած ցուրտ եղանակին,  ըստ ոստիկանության տվյալների, ցույցին մասնակցել է մինչև 2.5 հազար մարդ: Նրանք ձեռքներին բռնել են ռուսական դրոշներ և կարգախոսներով պաստառներ; Մասնակիցները հանրահավաքի ավարտին բանաձև են ընդունել, որը մասնակիցները ողջունել են ծափահարություններով: Հանրահավաքը տևել է մոտ երկու ժամ:

Յակուտսկի հրապարակում – 30 աստիճան ցրտին անցկացվել է ընդդիմության հանրահավաքը, որին մասնակցել են Կոմկուսի և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները, որին մասնակցել է 200 մարդ:

Նման ակցիա է անցկացվել Ալդանում, որտեղ մասնակցել է 22 մարդ:

«Հանուն արդար ընտրությունների» հանրահավաք է անցկացվել նաև Խակասիայում, որին մասնակցել է մոտ հիսուն մարդ: Նրանք ձեռքներին բռնել են պաստառներ` «Խակասիան` հանուն արդար ընտրությունների» և «Պուտին, հեռացիր» կարգախոսներով:

Այսօր, ինչպես ընդդիմադիր, այնպել էլ իշխանամետ քաղաքական ուժերի մասնակցությամբ հանրահավաքներ են մեկնարկում նաև Մոսկվայում` «Հանուն արդար ընտրությունների», «Հանուն մաքուր ժողովրդավարության» և «Նարնջագույն տրամադրությունների դեմ»:

Երկրում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են դեկտեմբերի 4-ին, իսկ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 4-ին: