Համամասնական ընտրակարգի մասին ԲՀԿ-ն տեսակետ չունի. Արամ Սաֆարյան

11:17 • 06.02.12

Այսօրվա դրությամբ ԲՀԿ-ն համամասնական ընտրակարգի հարցի շուրջ քննարկումներ չի արել և տեսակետ չունի: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպմանը արեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Արամ Սաֆարյանը:
«Մենք մեր տեսակետը կհայտնենք խարհրդարանական լսումներից հետո, երբ բոլորս կլսենք բոլոր քաղաքական ուժերի տեսակետները: Խորհրդարանական լսումներ անցկացնելու որոշման համար մենք մյուս քաղաքական ուժերի ստորագրությունների կողքին դրեցինք մերը, որովհետև այս հարցը ունի հասարակական հնչեղություն և հետաքրքրում է հասարակության լայն շերտերին»,- ասաց նա:

Այնուհետև Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ 2007թ. ԲՀԿ-ն նախընտրական ծրագրում ներառված է ամբողջապես համամասնական ընտրակարդին անցնելու մասին կետը:

«Շատերը հարց են տալիս, թե ինչու մենք դա չարեցինք ավելի շուտ, ասենք չորս ամիս առաջ: Պատասխանը շատ պարզ է՝ չորս ամիս առաջ հարցը հրատապ չէր թվում: Այսօր մեր լավագույն ներդրումը այս հարցին այն է, որ միանանք մյուս ուժերին, որպեսզի բոլոր կողմերը իրենց կարծիքը հայտնելու հնարավորոիթյուն ունենան»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Վերջինս նաև կարծիք հայտնեց, որ եթե անցում չկատարվի համամասնական ընտրությունների, ապա կարելի է նաև գտնել այլ տարբերակներ:

«Մենք այսօր ունենք մեծամասնական 41 տեղ: Դրանք կարել էր պակասեցնել հասցնել, ասենք, տասնհինգի: Այսինքն, անել այնպես, որ համամասնականի տեղերը մեծանան: Մենք կարծում ենք, որ համասնականի թվի և դերի մեծացումը կարող էր խոսել մեր երկրում կուսակցությունների կշռի մեծացման մասին: Նույնիսկ կարելի է քննարկել երկպալատ խորհրդարանի տարբերակը»,-ասաց նա: