Փորձում են ստեղծել «սուպերպոլիցեյսկիի» կերպար, բայց... Հայկ Գևորգյանն ազատ արձակվեց

12:50 • 06.02.12

Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխխմբագիր, լրագրող Հայկ Գևորգյանը։

Վերջինս համոզմունք հայտնեց, որ այս ամենը ուղղված է իր մասնագիտական գործունեության դեմ։ «Մեծ ներկայացումներ են սարքում և փորձում են ստեղծել «սուպերպոլիցեյսկիի» կերպար, և ուզում են ցույց տալ, թե ինչ է լինում այն մարդու հետ, ով ոստիկանապետի մասին բացասական բան է գրում։ Բայց ինչպես տեսնում եք, ողջ առողջ ձեր դիմաց կանգնած եմ»,- ասաց Գևորգյանը։ Սակայն, ըստ նրա, դա չի կարող խանգարել իր տեսածը գրելուն։ «Ես ընդհանրապես գրում եմ տնտեսական թեմաներով, բայց եթե սխալ բաներ նկատեմ, գրելու եմ»,- ասաց Գևորգյանը։

«Հայկական ժամանակի» լրագրողը չցանկացավ պատմել դեպքի մանրամասները՝ մտավախություն հայտնելով, որ ոստիկանությունը կարող է օգտվել իր պատմածներց։ «Ես կսպասեմ, կտեսնեմ դեպքի մանրամասներն ինչպես են ներկայացնում, հետո նոր ես կներկայացնեմ իմ տարբերակը»,- ասաց նա։

Գևորգյանը նաև ավելացրեց, որ ձերբակալության ժամանակ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել և ասաց որ նա բանտում անցկացրել է «երեք հրաշալի օր», շփվել ութ տարբեր տիպի մարդկանց հետ, սակայն, չունենալով թուղթ ու գրիչ, գրի չի առել նրանց մասին իր տպավորությունները, սակայն առաջիկայում նրանց մասին կգրի։

Նշենք որ Հայկ Գևորգյանի տրամադրությունը շատ բարձր էր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազության նախաքննության նկատմաբ վերահսկողություն իրականացնող դատախազը որոշում էր կայացրել փոխել «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխխմբագիր Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը՝ ստորագրությամբ քաղաքից չբացակայելով։

Նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Գևորգյանը մեղադրվում էր ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Նման պայմաններում, ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի: