Հայկ Գևորգյանի խափանման միջոցը փոխվեց

11:53 • 06.02.12

ՀՀ Գլխավոր դատախազության նախաքննության նկատմաբ վերահսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել փոխել «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխխմբագիր Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը՝ ստորագրությամբ քաղաքից չբացակայելով։ Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։30-ի մոտակայքում լրացավ  այն 72 ժամը, որի ավարտին ՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերահաստատեր կամ ոչ Հայկ Գևորգյանի կալանավորման միջնորդությունը:

Բայց քանի որ դատախազը նման որոշում է կայացրել, ապա այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված դատը տեղի չի ունենա։

Հայկ Գևորգյանի փաստաբան Վահե Գրիգորյանը Tert.am-ին հայտնել էր, որ առավոտվա դրությամբ դատաքննության վայրի և ժամի վերաբերյալ որևէ ծանուցում չէր ստացել։

Փաստաբանը հայտնեց նաև, որ քանի որ երկու նախորդ օրերը աշխատանքային չեն եղել, իրեն չի հաջողվել հանդիպել «Նուբարաշենի» կարանտինում գտնվող Հայկ Գևորգյանի հետ:

ՀՀ ՄԻՊ տեղակալ Աշոտ Վահանյանը Tert.am-ին ասել էր, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները ևս լինելու են դատարանում:

Հարցին, թե մինչ այս լսելով ոստիկանության և «ՀԺ»-ի խմբագրակազմի հայտարարությունները, ՄԻՊ գրասենյակում ինչ՞ իրավական դիրքորոշում է ձևավորված և ինչու՞ հայտարարությամբ հանդես չեն գալիս, Աշոտ Վահանյանը հիշեցրեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համապատասխան դրույթը, որն ասում է, որ ՄԻՊ-ը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե պետական կամ ՏԻՄ մարմինների ոչ օրինաչափ գործողությունների դեպքում ձեռնարկված միջոցները անարդյունք են եղել: Սա նաև մեր այն հարցի պատասխանն էր, թե ՄԻՊ գրասենյակում ՀՀ ոստիկանության գործողությունները համարում են իրավաչա՞փ, թե ոչ: Աշոտ Վահանյանն այս առնչությամբ ասաց, որ դա պարզ կլինի այսօր՝ դատարանում: Ինքը՝ Վահանյանը մեր զրույցի պահի դրությամբ որպես իրավաբան որոշակի կասկածներ ուներ , որ ոչ իրավաչափության որոշ հիմքեր գուցեև կան:

Եթե դրանք ՄԻՊ գրասենյակում հաստատվեն, ապա գրասենյակը հանդես կգա Հայկ Գևորգյանի վերաբերյալ միջանկյալ զեկույցով: