Արթուր Բաղդասարյանը հոգնել է ԱԺ-ից և մտադիր չէ դառնալ պատգամավոր կամ այլ պաշտոն զբաղեցնել
«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է Արթուր Բաղդասարյանը հոգնել ԱԺ-ից և նպատակ չունի դառնալ պատգամավոր և կամ այլ պաշտոն զբաղեցնել: Ըստ Հեղինե Բիշարյանի՝ իր կուսակցության նախագահի նման հայտարարությունը բամբասանքներին վերջ դնելու համար էր: Ըստ բանախոսի՝ շրջանառվում են այնպիսի լուրեր, թե Արթուր Բաղդասարյանը հնարավոր է դառնա ԱԺ նախագահ: «Որքան մոտենում են ընտրությունները, այդքան բամբասանքները մեծանում են: Այդ ձևով ուղղակի նա փորձել է փակել հարցը»,- ասաց նա:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին ՕԵԿ-ի հնարավորություններին՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ ելնելով նրանից, որ ՕԵԿ-ը լուրջ առաջընթաց ունի, որին նպաստել է վերջին երեք տարիների ջանքներն ու որոշումները, կուսակցություն ընտրություններին կստանա ժողովրդի զգալի ձայներ:
«ՕԵԿ-ը միշտ էլ մասնակցել է բոլոր հանրապետական ընտրություններին արդեն տասնհինգ տարի և կարողացել է ծանրակշիռ ձայներ հավաքել: Դրա մասին է վկայում մեր ծրագրեը: Այս անգամ էլ մենք կարող ենք վերցնել ժողովրդի ձայները»,- նշեց նա և ավելացրեց, որ նախորդ ԱԺ ընտրություններին ՕԵԿ-ը ստացել է շուրջ 300 000 ձայն, և այս ընտրություններից ավելի շատ ակնկալիք ունի:
Կարգախոսն ըստ խմբակցության ղեկավարի՝ չի փոխի. «Մենք ուզում ենք ստեղծել օրենքի երկիր, մենք ուզում ենք, մեր տեսակը շատանա և դրա համար պայքարելու ենք»:
Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ կուսակցության համամասնական ցուցակը դեռևս պատրաստ չէ, ինչպես և չեն քննարկվել մեծամասնականով առաջադրելու կուսակիցների հարցը: Նրա խոսքերով՝ ՕԵԿ-ի համարգումարը տեղի է ունեալու մարտի 3-ին:









