ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի քննարկում հակահրթիռային պաշտպանության ծրագիրը
Ռուսաստանը, նախկինի պես, չի կարողանում ՆԱՏՕ-ից համաձայնեցման հասնել «էական մարտական ուժեր» հասկացության հարցում, որոնք Դաշինքը խոստացել էր չտեղակայել նոր անդամների տարածքում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր` Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրի շրջանակներում շատ արագ մոտենում է Ռուսաստանի սահմաններին, չնայած Խորհրդային միության փլուզումից հետո այն պարտավորությանը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ենթակառուցվածքները չեն տեղակայվի ՆԱՏՕ-ի նոր անդամների տարածքում:
«Այդ իսկ պատճառով Եվրոպայում Հակահրթիռային պատշպանության համակարգեր տեղակայելու իմ հարցը հետևյալն է` այն նշված պարտավորության շրջանակո՞ւմ է, թե՞ ոչ: ՆԱՏՕ-ում այս հարցը քննարկելու մեր բոլոր փորձերը չեն պսակվում հաջողությամբ: ՆԱՏՕ-ն չի ցանկանում այդ հարցը քննարկել»,- ասել է նախարար Լավրովը:
Միաժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Մոսկվան չի դիտարկում ՆԱՏՕ-ն և դրա ընդարձակումը որպես սպառնալիք:









