Քոչարյանը պարտավոր է վերադառնալ. քաղաքագետ
ՀՀ երկրորդ նախագահը պարտավոր է վերադառնալ մեծ քաղաքականություն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպխմանը հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա՝ Քոչարյանի վերադարձով երկրում բազմաբևեռ ուժեր կստեղծվեն, ինչը կարևոր է երկիր համար:
Քաղաքագետի կարծիքով, եթե երկրում երկու բևեռ լինի, ապա հավանական է նրանք գնան գործարքի: Իսկ երբ կունենանք ուժային կենտրոնների տարանջատում և պայքար: «Եթե ձևավորվի երեք ուժ ու դրանք լինեն հավասար՝ տնտեսապես, քաղաքական փորձի առումով, պայքարը ավելի հավասար կլինի: Երեք ուժերի գոյությամբ՝ երկիրը չի պառակտվի երկու մասի»,- ասաց նա և ավելացրեց, որ նման մի քանի ուժերի գոյությունը կտանի երկիրը պառլամենտարիզմի ճանապարհով:
Նա հույս հայտնեց, որ գործող նախագահը չի գնա Ռուսաստանի օրինակով և չի գլխավորի ՀՀԿ-ի ցուցակը: Ըստ նրա՝ դա կդիտվի որպես կրկնօրինակում:
Քաղաքագետը ՀՀ-ի համար գլխավոր հարց համարեց իրավական պետության ձևավորումը:
«Այս հարցի շուրջ պետք է հավաքվեն բոլոր քաղաքական ուժերը, կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները: Մենք այսօր հաճախ դժգոհում ենք հենց օրենքի բացակայությունից: Իրավական պետություն ստեղծելուց հետո Հայաստանը կգնա զարգացման ճանապարհով»,- ասաց քաղաքագետը:









