Մամուլի ազգային ակումբը կոչ է անում փոխել Հայկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցը
Մամուլի ազգային ակումբն այսօր հայտարարություն է տարածել «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի ձերբակալության առնչությամբ և իրավապահ և արդարադատությունն իրականացնող մարմիններին կոչ է անում փոխել Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցը:
Մամուլի ազգային ակումբը կոչ է անում նաև իրականացնել գործի համակողմանի ու անաչառ քննություն, ներառյալ` ոստիկանության կողմից Հայկ Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու շարժառիթները։
Որպես փաստարկ մատնանշվում է այն, որ այսօր լրանում է Հայկ Գևորգյանի` անազատության մեջ մնալու 72 ժամը, և դատարանը պետք է վերահաստատի կալանքը որպես խափանման միջոց կամ ազատ արձակի նրան:
Հայտարարությունը նաև արձանագրում է, որ «Հայկ Գևորգյանի նկատմամբ կալանքի` որպես խափանման միջոցի ընտրությունը համարժեք չէ նրան մեղսագրվող արարքին, ինչը լուրջ կասկածներ է հարուցում, որ խափանման միջոցն ընտրելիս նկատի են առել նրա լրագրողական գործունեությունը»:
Մամուլի ազգային ակումբի մյուս փաստարկն այն է, որ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի և ոստիկանության պարզաբանումներն ու մեկնաբանությունները, «որոշակի կասկածներ են հարուցում դեպքերի արհեստական հաջորդականության ու ոստիկանության գործողությունների նկատմամբ»:









