Վերլուծաբանները կանխատեսում են նախընտրական հնարավոր սցենարները

14:21 • 14.02.12

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանը կարծում է, որ եթե «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունը գրագետ աշխատեն և թույլ չտան «նկարչությամբ» զբաղվել, ապա հաջորդ գումարման խորհրդարանում կլինի իրավահավասար կոալիցիա` բաղկացած «Հայաստանի հանրապետական կուսակցությունից», ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից: Հակառակ պարագայում ՀՀԿ-ը կրկին կունենա 67-ից ավելի ձայն, և այս դեպքում ԲՀԿ-ը քաղաքականապես կվերանա:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծաբանն ասաց, որ ՀԱԿ-ին նման սցենարի դեքում ԲՀԿ-ի հեռանկարը չի սպառնում, քանի որ ՀԱԿ-ը ընդդիմություն է:

Արմեն Բադալյանը ապագա խորհրդարանի կառուցվածքը պատկերացնելու համար առաջարկում է Հայաստանի քաղաքական ուժերի դասել հետևյալ խմբերում. Խումբ առաջին` առավել ազդեցիկ քաղաքական ուժեր, որտեղ են ՀՀԿ-ն , ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, երկրորդ խումբ` «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ժառանգություն», երրորդ խումբ`«արդեն մահացած ՕԵԿ» («Օրինաց երկիր»), և չորրորդ` վիրտուալ կուսակցություններ, որոնք գործում են մամուլի ակումբներում և վիրտուալ դաշտոմ, բայց իրական կուսակցական գործունեություն չեն իրականացնում: Նման կուսակցությունների շարքին Արմեն Բադալյանը դասում է «Ազատ դեմոկրատներին», «Նոր ժամանակներ կուսկցությանը», «մարքսիստներին, «Միավորված աշխատանքային կուսակցությանը», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ժողովրդավարների դաշինք» և այլ կուսակցություններ:

Այս դասակարգմանը հետևելով` Արմեն Բադալյանը կասկածում է, որ ՕԵԿ-ը , ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կլինեն ապագա ԱԺ-ում, թեև, այդուհանդերձ, հնարավոր է համարում դա:

«Դաշնակցությունը խիստ կասկածում եմ: Ինչո՞ւ, որովհետև վերջին երեք տարիներին նա հետևյալ տենդենցն է գրանցել, 2007թ. խորհրդարանական ընտրություններին ստանում է 170.000, մեկ տարի հետո նախագակականին` 96.000, մեկ տարի հետո 18.000: Այսինքն մոտավորապես 50%-ի անկում է գնում»,- ասաց նա:

Ըստ Բադալյանի` այս դինամիկայի դեպքում այլ փոփոխություններ չեն եղել: Այսինքն, կուսակցության լիդերները մնացել են նույնը, իսկ «Հայաստանում էլ «ծովից ծով» ասողների թիվը չի ավելացել»:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա, ըստ բանխոսի, այս կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին տարիներին կորցրել է իր խարիզմատիկ հատկանիշները` ժամանակ առ ժամանակ հայտնվելով ու անհետանալով քաղաքական դաշտից:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ընդհանուր առմամբ համաձայն է գործընկերոջ հետ, սակայն մի շարք «նյուանսների» պարագայում ունի իր տեսակետը: Առաջին այն է, որ նա կասկածում է, որ ՀՅԴ-ն ներկայացված չի լինի ապագա խորհրդաանում: Կարեն Քոչարյանը նաև չի կիսում տեսակետը, թե «Ազատ դեմոկրտաներ» կուսակցությունը վիրտուալ քաղաքական ուժ է:

«Երկու օրվա կուսակցություն լինելով Միացյալ նահանգների երկու վերջին դեսպաններն այցելեցին այս կուսակցություն` դրանով ցույց տալով, որ ԱՄՆ-ն այս կուսակցությանը պաշտպանում է տարբեր ձևերով` բարոյապես, ֆինանսապես և այլն»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգը վստահ է, որ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» դաշինքը կայանում է: Ասաց, որ եթե անգամ ձևական առումով դա դաշինք չկոչվի` կապված յոթ տոկոսի արգելանքի հետ, միևնույն է, այդ դաշինքը լինելու է:

Կարեն Քոչարյանը, մասամբ համաձայնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խարիզմատիկ վարկանիշը մասամբ ընկել է, պնդեց, որ այն որոշ առումով պահպանվում է: Նա նաև համամիտ չէ Արմեն Բադալյանի հետ, թե ԲՀԿ-ը և ՀՀԿ-ը կարող են միմյանց հետ աշխատել: