Anonymous-ը հարձակվել է թուրքական արբանյակային մատակարարի վրա
Anonymous հաքերների խումբը հարձակում է գործել թուրքական Digiturk արբանյակային մատակարարի վրա, հաղորդում է International Business Times-ը:
Հաքերների ձեռքն են ընկել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են օգտատիրական և ադմինիստրատիվ հաշիվները, հաճախորդների ցուցակները և Digiturk-ին վերաբերող այլ մասնավոր ինֆորմացիա:
Հաքերները իրենց տրամադրության տակ հայտնված տվյալները հրապարակել են Pastebin.com-ում:
Anonymous-ի այս հարձակման պատճառը եղել է այն, որ Digiturk-ն արգելափակել է որոշ կայքեր, ինչպիսիք են blogger.com-ը և inci.sozlukspot.com-ը: Ըստ աղբյուրի` խումբը Twitter-ում տեղեկացրել էր, որ Operation Digiturk անվանումով հարձակում է ձեռնարկում:
Հաքերներն իրենց տարածած հաղորդագրության մեջ նշել են. «Ազատ ինտերնետի համար պայքարելու ժամանակն է: Digiturk-ը… ահաբեկում է ինտերնետը: Զոհերը չեն նախազգուշացվել ու նույնիսկ պաշտպանվելու իրավունք չեն ունեցել: Գրաքննությունը մարդու իրավունքների խախտում է»:
Հետաքրքրական է, որ նույն Digiturk-ը, գրաքննություն իրականացնելով, Youtube-ից ջնջել էր Operation Digiturk-ի մասին Anonymous-ի տեղադրած տեսանյութը:









