Աշոտյանը հանձնարարել է կանխել դրամահավաքը դպրոցներում

16:37 • 14.02.12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված «ապօրինի դրամահավաքը կանխելու և արգելելու ուղղությամբ»:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Աշոտյանի շրջաբերականի համար հիմք են ծառայել նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով և սոցիալական ցանցով ստացված ահազանգերը:

Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:

Խնդրին նախարարն անդրադարձել է նաև նախօրեին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ` նշելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսևորում:

«Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ` ապօրինի դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով: Ծնողական համայնքի աջակցությունն ու մասնակցությունը դպրոցի խնդիրների լուծմանը կարող է կազմակերպվել բացառապես կամավորության հիմքով` բանկային փոխանցումների տարբերակով»,- ասել է Արմեն Աշոտյանը: