Ցրտերը «սպառնում» են Կոլիզեումին

16:12 • 14.02.12

Իտալիայում ուժեղ ցրտերից տուժել է նաև հանրահայտ Կոլիզեումը: Ինչպես գրում է La Repubblica-ն, զբոսաշրջիկների համար հանգստյան օրերին փակված ամֆիթատրոնը կբացվի հինգշաբթիից ոչ շուտ:

Առատ ձյան տեղումներից կարող են փլվել առանց այդ էլ ճաքերով լի պատերը: Սակայն սա միակ վտանգը չէ. գետինն ամբողջությամբ պատված է մերկասառույցով: Corriere della Sera-ի տեղեկացմամբ` կիրակի առավոտյան, երբ իշխանությունները պատրաստվում էին բացել Կոլիզեումը, թանգարանի աշխատակիցը սայթաքել է, ընկել ու կոտրել ոտքը, ինչի պատճառով հաստատության բացումը հետաձգվել է:

Կոլիզեումի պատերին հաշվվում է մոտ 3.000 ճաք, և ժամանակ առ ժամանակ ամֆիթատրոնի պատերը փլուզվում են: Հուշակոթողի վերականգնման աշխատանքները կսկսվեն 2012 թվականի մարտից:

Ի դեպ, ցրտերի պատճառով Հռոմի դպրոցներում մի քանի օրով հետաձգվել են դասերը, արգելվել է մոտոցիկլներ վարելը: