Թմրանյութ` կոկտեյլի շշի մեջ. առգրավված է Շերեմետևոյում
Բոգոտա – Փարիզ – Մոսկվա չվերթով թռչող ուղևորներից մեկը թմրանյութի մեծածախ խմբաքանակ է տեղափոխել: Կոլումբիայից եկող մոսկվացի ուղևորի տեղափոխածն առգրավվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, հայտնում է Lifenews,ru-ն: Թմրանյութը պահված է եղել Pina Colada կոկտեյլի 1 լիտրանոց շշի մեջ:
Ռուսաստանի Դաշնային Մաքսային ծառայության աշխատակիցները կոկային տեսակի թմրանյութը հայտնաբերել էին 30-ամյա ուղևորի ուղեբեռի զննության ժամանակ:
Ըստ մասնագետների` սուր հոտով կոկտեյլը պատահական չէ ընտրված: Այդպիսով թմրավաճառը ցանկացել է թմրանյութն աննկատ դարձնել շների և դետեկտորների համար:
Ի դեպ, թմրանյութը հայտնաբերել ու ազդանշան է տվել օդանավակայանի կինոլոգիական բաժանմունքի շներից մեկը:
Իսկ շշի ներսում թմրանյութը հայտնաբերվել է արդեն ռենտգենային զննությամբ: Ներսում հայտնաբերվել է 300 գ կոկային:









