ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրությունները համարում է խոսուն փաստ, ՀՅԴ-ն դա որակում՝ Իլիչի ժամանակների արդյունք
ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսին փետրվարի 12-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իր կուսակցության համար համարեց փայլուն հաջողություն՝ որպես խոսուն փաստ ներկայացնելով 39 համայնքների ղեկավարների ընտրությունում ստացած 86% արդյունքը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս ՀՅԴ կուսակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այն համարեց որպես նախերգանք մայիսյան ընտրությունների, որն իշխող կուսակցությունն իրականացնում է՝ օգտագործելով քաղաքական մեծամասնության ռեսուրսները:
«Ես չեմ կարծում, որ ժողովուրդը Հայաստանի հեռանկարը միայն այս ուժի հետ է կապում: Այստեղ ակնհայտ ադմինիստրատիվ ռեսուրսները լավագույնս օգտագործվում են՝ ընտրական խախտումները իրականացնելով քաղաքական ճնշումների բազմաթիվ եղանակներով՝ վախ, ճնշում, ռեպրեսիա: Ինչպես Վահան Հովհաննիսյանը կասեր. «Իլիչի ժամանակներում կարելի էր միայն 86% արդյունք ունենալ»,- ասաց ՀՅԴ պատգամավորը: Նա խնդրեց պարզաբանել, թե այդ ինչպես է ՀՀԿ-ն նման արդյունք ապահովում, եթե ՀՀ քաղաքացին օտարված լինելով երկրից և իր խնդիրների լուծումը երկրից դուրս է տեսնում:
Լիլիթ Գալստյանի համոզմամբ՝ իշխանությունը օգտվելով բնակչության սոցիալական ծանր վիճակից՝ նման «բոնուս» ստանում է «ազգաբնակչությանը առնելու մեթոդով»: «Երբ ազգի բնակչությանը գամել եք աղքատության, ես կասեի չքավորության պատին, արդտեղ ռեսուրսների դերակատարությունը բացառիկ մեծ է դառնում և որ ցավալին է՝ 5000 դրամով»:
ՀՀԿ պատգամավորը զարմանում է, թե ինչու են զարմանում նման թվերից. «Պետք է ընտրություններին մասնակցել և նման արդյունք ունենալ»:
Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա ըստ ՀՀԿ պատգամավորի՝ դրանք ինքնըստինքյան չեն ծնվում, որպեսզի ծառայեցվեն նպատակին: Նա նշեց, որ ՀՀԿ-ն չի խուսափել պատասխանատվությունից և խնդիրների շուրջ իրականացնում է շտկման աշխատանքներ:









