ՃՈ գումարտակի նախկին հրամանատարը խոստովանում է որ հարկատուների հաշվին լավություն էր անում
Մարգար Օհանյանի սկանդալային դատավարությունը շարունակվում է: Դատաքննությունը մտել է նոր փուլ և այժմ ցուցմունքներ պետք է տան մեղադրյալները: Չորս մեղադրյալներից երեքը` ՃՈ տնտեսական բաժնի պետ Արա Լևոնյանը, նույն բաժնի տեխնիկ Սամվել Մախմուրյանը և ՀՀ ՃՈ 2–րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանը հրաժարվել են դատարանում ցուցմունք տալ և խնդրեցին դատավոր Մխիթար Պապոյանին հաշվի առնել իրենց` նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:
«Ես արդեն զղջացել եմ, հասկացել եմ իմ մեղավորությունը և խնդրում եմ հաշվի առեք իմ` նախաքննության ժամանակ տված գրավոր ցուցմունքները»,- ասաց գործով անցնող մեղադրյալ Ստեփան Կարախանյանը:
Ստեփան Կարախանյանը իր` նախաքննության ժամանակ տված ցուցմունքներից մեկում ասել է, որ ինքը բենզին ստացել է ՃՈ տնտեսական բաժնի պետ Արա Լևոնյանից և նա իրեն ասել է թե ինչ վառելիքի ծախս պետք է ցույց տան, և ինքն էլ իր հերթին նման հանձնարարական տվել է վաշտերի հրամանատարներին:
Ստեփան Կարախանյանը նշել է նաև, որ ինքը երբեք Արա Լևոնյանից չի հետաքրքրվել, թե ինչի համար են պակաս քանակությամբ բենզին հատկացնում:
«Իմ և Արայիկ Լևոնյանի ներկայությամբ Մարգար Օհանյանն ասել է, որ պետք է կրճատել հատկացվող բենզինը, և այդպես էլ արվել է»,- իր ցուցմունքում գրել է Ստեփան Կարախանյանը:
Իր ցուցմունքներից մեկի ժամանակ էլ Ստեփան Կարախանյանը նշել է, որ եղել են դեպքեր, որ բենզինի կտրոններ ինքը տվել է իր ընտանիքի անդամներին և մտերիմներին «լավություն անելու» տեսքով. «Գիտակցում եմ ճիշտ չեմ արել, սակայն պատրաստ եմ իմ պատճառով եղածը փոխհատուցել»,- ասել է Ս. Կարախանյանը:









