Ռուսական բանակը 5 տարի զրահատեխնիկա չի գնի
Ռուսական բանակը հինգ տարով դադարեցնում է զրահատեխնիկայի գնումը: Ինչպես հաղորդում է vz.ru-ն, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովն այսօր հայտարարել է, որ ժամկետի ավարտին զինվորականները հուսով են ստանալ սկզբունքորեն նոր սպառազինության տեսակներ, ինչը թույլ կտա դադարեցնել խորհրդային սպառազինության նորոգումները:
«Մեզ մոտ բարդ իրավիճակ է ցամաքային զորքերի հետ կապված: Մենք նախագծողներին հինգ տարի ժամանակ ենք տվել ռազմական տեխնիկայի նոր տեսակներ մշակելու համար», - ասել է Մակարովը:
2011 թ.-ի տվյալներով` Պաշտպանության նախարարությունը ցամաքային զորքերի համար գնել է ավելի քան 10 հազար միավոր տեխնիկա, սակայն տանկեր չեն գնվել: Ռազմական գերատեսչությունը սահմանափակվել է դրանց կապիտալ նորոգմամբ ու ունեցած Т-72-ի արդիականացմամբ:
ՊՆ-ը մտահոգված է ոչ միայն զրահատեխնիկայով: Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ ռուսական բանակը 2012 թ. սկսում է հայրենական արտադրության միջին հարվածային անօդաչու սարքերի փորձարկումները:
Բացի այդ, Գլխավոր շտաբի պետը նշել է, որ նախարարության կազմում կստեղծվի մի կառույց, որը պատասխանատու կլինի պաշտպանական ոլորտի պետպատվերների կատարման համար:









