Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Ըստ ԱԱԽ հաղորդագրության` Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր փորձով նոր թափ կհաղորդի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը:
Անդրեյ Սորոկինը պատրաստակամություն է հայտնել պարբերական հանդիպումների և քննարկումների միջոցով խթանել տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները և նպաստել ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության հետագա խորացմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ:









