Նվեր Երևանի պատմության թանգարանին` 70-ականների Երևանի խորհրդանիշերով

17:24 • 14.02.12

Երևանի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվել է ժամանակակից Երևանի պատմության ևս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության` դրանք 70-ականների Երևանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երևանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝ կաշվե թղթապանակով, Երևանի մետրոյի խորհրդանշական 3 բանալիներից մեկը և 1978թ.՝ Էրեբունի-Երևանի 2760-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր էսքիզը:

1978-84թթ. Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը ներկայացած առարկաների հեղինակը և համահեղինակն է, դրանք առարկաները պահպանել է իր անձնական հավաքածուում:

Ցուցանմուշները հանձնվել են անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Շնորհակալությունս եմ հայտնում, որ պահպանել եք այս ամենը և այսօր նվիրում եք Երևան քաղաքի պատմության թանգարանին»,- նշել է քաղաքապետը:

«Մնալով ինձ մոտ՝ այս առարկաները կլիներին իմ սեփականությունը և կուրախացներին միայն ինձ. այժմ դրաք հանրային սեփականություն են և կարող են պատմել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, թե ինչպես է առաջ եկել պատվավոր քաղաքացու մտահղացումը և այլ փոքրիկ պատմություններ 70-ականների Երևանի մասին»,- ասել է նկարիչը: