Ռոգոզինը խոստացել է շարունակել Ռուսաստանի բանակի համար զրահատեխնիկայի գնումները
Ռուսաստանի զինված ուժերը սպառազինության պետական ծրագրի շրջանակներում կշարունակեն տեխնիկա գնել 2011-2020թթ., այս մասին իր թվիթերում գրել է ռազմաարդյունաբերական համալիրի պատասխանատու` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Գլխավոր շտաբի պետը միակը չէ, ով ռազմական տեխնիկա գնելու վերաբերյալ որոշումներ է կայացնում: Բանակը և նավատորմը կվերազինվեն աստիճանաբար»,- գրել է փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել էր, որ բանակը հինգ տարով դադարեցնում է զրահատեխնիկայի գնումը, իսկ ժամկետի ավարտին զինվորականները հուսով են ստանալ սկզբունքորեն նոր սպառազինության տեսակներ, ինչը թույլ կտա դադարեցնել խորհրդային սպառազինության նորոգումները:
«Եթե գլխավոր շտաբի պետը մեր տանկերի կամ այլ տեխնիկայի հանդեպ դժգոհություններ ունի, ապա թող դրանք արտահայտի մասնագետների միջավայրում` մեր նախագծողներին և արտադրողներին»,- նշել է Ռոգոզինը:
Այնուամենայնիվ, հայտնի է դարձել, որ ՌԴ ՊՆ-ն հրաժարվել է БТР-90-ի և Т-90 տանկի գնումներից: Առաջին մեքենան անհամապատասխան է ժամանակակից ռազմական գործողությունների վարման մեթոդներին, իսկ երկրորդը` չափազանց թանկարժեք է:









