Իսպանական գյուղը եվրոյի փոխարեն պեսետով է առևտուր անում

15:39 • 14.02.12

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից 80 մղոն դեպի հարավարևելք գտնվող Վիյամայոր դե Սանտիագո գյուղը, փոխել է դրամական միավորը, վերադառնալով նախկին իսպանական պեսետին, տեղեկացնում է Daily Mail-ը, հավելելով, որ իսպանական օրենսդրությանը դա չի հակասում։

Գյուղի առևտրային միության տնօրենի՝ Լուիս Միգել Կամպայոյի նախաձեռնությամբ, մոտ 30 տեղական խանութների ղեկավարներ առևտուր անելիս բնակիչներից ընդունել են երկրի նախկին արժույթը։

Բնակիչների և խանութպանների միջև մինչ օրս շուրջ 6 հազ եվրոյի առևտրային շրջանառություն է տեղի ունեցել։ Տեղացի գործարարները մտադիր են պեսետով հավաքված գումարը տանել Մադրիդ և փոխանակել եվրոյով։ Այս քայլով գյուղի բնակիչները միտում ունեն երկրին վերադարձնել իրենց նախկին տարադրամը։

Որոշ տվյալներով՝ Իսպանիայի ողջ բնակչության մոտ պահպանվել է ավելի քան 1.7 մլրդ եվրոյին համարժեք պեսետ։