Սթիվեն Սփիլբերգը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի առնչութամբ բանակցություն կսկսի հայկական կողմի հետ

15:11 • 14.02.12

Աշխարհահռչակ ռեժիսոր, ԱՄՆ-ում գործող «Շոա» (եբրայերենից թարգմանաբար նշանակում է ողջակիզում, հոլոքոսթ) հիմնադրամի հիմնադիր Սթիվեն Սփիլբերգը պատրաստվում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել և այդ առնչությամբ հայկական կողմի հետ շուտով բանակցություններ է սկսելու։

Ինչպես հաղորդում է թուրքական Ntvmsnbc.com կայքը, ֆիլմը նկարահանվում է 1915թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

Կայքն ընդգծում է, որ Սփիլբերգն ու սցենարիստ Սթիվեն Զայլյանը ֆիլմի առնչությամբ նախատեսում են հանդիպումներ անցկացնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների հետ: Հաղորդվում է, որ ֆիլմում նկարահանվելու են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի հայտնի դերասաններ:

Նշենք, որ Սփիլբերգն ու Զայլյանը1993թ. ֆիլմ են նկարահանել հրեաների ցեղասպանության մասին (Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին). «Շինդլերի ցուցակը» ֆիլմը պատմում է գերմանացի գործարար Օսկար Շինդլերի մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հազարից ավելի հրեաների է փրկել համակենտրոնացման ճամբարից: