Խորհրդարանական ընտրություններում տոտալ կեղծիքներ չեն լինելու, իսկ դրա համար կա երեք պատճառ. քաղաքագետ

15:28 • 14.02.12

Եթե չլիներ ադմինիստրատիվ ռեսուրսը Հարազդանի քաղաքապետ միանշանակ կընտվեր Սասուն Միքայելյանը՝ համոզված է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Միաժամանակ նա նկատեց, որ ցնցող կեղծիքներով ընտրությունները չեն անցել, իսկ նման արդյունքների պատճառն ըստ նրա, այն է, որ հասարակությունը կորցրել է արժեհամակարգը: «Նրանք պետք է ընտրություն կատարեին բացարձակապես չինովնիկ Արամ Դանիելյանի և փառապանծ ուղի անցած Սասուն Միքայելյանի միջև: Արդյունքները խոսում են արժեհամակարգի որակական հատկանիշի անկման մասին»,- ասաց նա: Ըստ քաղաքագետի՝ այստեղ մեղավոր է, թե իշխանությունը, որովհետև սոցիալական վիճակից օգտվելով փողն է դարձնում միջոց և թե՛ ընդդիմությունը, որ հասարակությանը լյունպենացնում է:

Այդուհանդերձ Սուրեն Սուրենյանցի համոզմամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում տոտալ կեղծիքներ չեն լինելու, իսկ դրա համար, ըստ նրա, կա երեք պատճառ: «Առաջինն այն է, որ ընդդիմությունը կորցրել է հեղինակությունը, երկրորդը՝ իշխանությունը մոնոլիտ չէ՝ հանձինս ԲՀԿ-ի, որի մրցակցությունը ՀՀԿ-ի հետ կնպաստի դրան և նաև այն, որ չկա մի քաղաքական ուժ, որը հասարակության համար նախընտրելի է»,- ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև լուրջ հակասություններ չկան, ուստի նրա համոզմամբ, եթե ՀԱԿ-ը իր մարտավարությունը հիմնի ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության վրա, ապա կձախողվի: Միակ տարաձայնությունը կոալիցիոն այս երկու կուսակցություների միջև այն է, որ ՀՀԿ-ն չի թաքցնում որ ձգտնում է մոնոլիտ իշխանության, իսկ ԲՀԿ-ն էլ իր հերթին չի թաքցնում, որ մտադրություն չունի զիրջել իր դիրքերը:

Վերլուծելով քաղաքական դաշտը քաղաքագետը կանխատեսեց, որ առաջիկա ԱԺ ընտրություններին քաղաքական ուժերից ֆավորիտներ կլինեն ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն:

Ի դեպ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ասուլիսի վերջում հայտատարեց, որ դիմում է գրել անդամագրվելու «Երկրապահ կամավորական միությանը»: