Ռուսաստանը Սիրիային բարեկամ չէ
Միացյալ Նահանգների իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը չի ընդգրկվի «Սիրիայի բարեկամների խմբում», որի ստեղծման նախաձեռնությամբ է հանդես եկել Արաբական երկրների լիգան (ԱԵԼ):
«Այս խումբը, ինչպես մենք ենք հասկանում, կոչված է Սիրիայում ժողովրդավարական գործընթացի միջոցով իշխանափոխության հասնելուն: Իսկ սա այն է, ինչը ռուսները հերքում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Ի դեպ, «Սիրիայի բարեկամների խումբը» փետրվարի 24-ին Թունիսում հանդիպում կանցկացնի:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այն հարցին, թե ինչպես է Պետդեպի ներկայացուցիչը վերաբերում ԱԵԼ- ի` Սիրիա խաղաղապահ ուժեր ուղարկելու առաջարկին, Նուլանդն ասել է, որ Միացյալ Նահանգները, «անկասկած, աջակցում է ԱԵԼ-ի` առաջնորդի դերին»:
«Մեր ջանքերն այժմ ուղղված են սիրիական ընդդիմության ամրապնդմանը, որը մեղմ ճանապարհով ձգտում է հասնել իշխանափոխության: Մենք նաև մտադիր ենք ավելացնել Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնությունը», - ասել է նա` հայտնելով, որ ԱՄՆ-ը «Սիրիական ազատ բանակի» (սիրիական ընդդիմության զինված խմբակցություն) հետ ոչ մի պաշտոնական շփում չունի:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներին են փոխանցել Սիրիայի հարցով բանաձևի նոր նախագիծը, որն աջակցում է ԱԵԼ-ի ծրագրին:









