Այսօր սուրբ Վալենտինի տոնն է

10:07 • 14.02.12

Այսօր Արևմուտքը տոնում է սիրո հովանավոր Սուրբ Վալենտինի տոնը: Տոնից անմասն չեն նաև հայ սիրահարները: Այս առիթով սերն արտահայտելու ամենահարմար տարբերակները կրկին սրտաձև իրերն են` փափուկ խաղալիքներ, քաղցրավենիքներն ու, իհարկե, ծաղիկները:

Վաղ առավոտից ծաղկավաճառներն օգտվելով առիթից` կրկնակի ու նույնիսկ եռակի անգամ բարձրացրել են ծաղիկների գները: Օրինակ` մեկ հոլանդական վարդը կարելի է գնել 5 000 դրամով: Փոքրիկ հուշանվերն էլ` անպայման սրտիկներով, նույնպես մեծ պահանջարկ ունի, այդ իսկ պատճառով հուշանվերների կետերում էլ գների փոփոխությունը նկատելի է: Խանութներից մեկում, երբ հարցրեցինք, թե ինչու են թանկացել ծաղկի գները, վաճառողուհին ասաց. «Բա տոն է, ի՞նչ եք ուզում»:

Հայտնի խանութներից մեկի մենեջեր Ծովինար Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հավատացրեց, որ որքան էլ Վալենտինի տոնն օտարածին է, այդուհանդերձ մեզանում այն ավելի շատ է նշվում, քան մեր ազգային սուրբ Սարգսի տոնը:

«Վալենտինի տոնին ավելի շատ են միմյանց հայ սիրահարները նվերներ ու ծաղկեփնջեր գնում, քան սուրբ Սարգսի տոնին»,- նշեց նա և ավելացրեց, որ ոչ միայն երիտասարդներն են իրենց սիրելիներին անակնկալներ մատուցում, այլ նաև ավելի հասուն տարիքի մարդիկ:

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, անդրադառնալով ս.Վալենտինի տոնին, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարելի  օտարամոլ լինել և մոռանալ մեր տոնը:

«Վալենտինն անգամ հայտնի չէ, թե որ եկեղեցու սուրբն է, քանի որ և՛ կաթոլիկ, և՛ ուղղափառ եկեղեցիներն ասում են, որ նման սուրբ իրենք չունեն: Սարգիս զորավարին սուրբ է ճանաչել դեռ անհիշելի ժամանակներից ընդհանրական եկեղեցին, այսինքն` այս տոնը նշում են ոչ միայն հայերը», - ասաց նա:

Հոգևոր հովիվը նաև այն համոզմունքն հայտնեց, որ Վալենտինի տոնը Հայաստան մարդիկ բերել են իրենց բիզնեսը զարգացնելու համար: