Հայաստանում ժամային գոտին փոխելով, բան չի փոխվում, ասում են բժիշկները

16:27 • 14.02.12

Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանավելյանը և հոգեբան Խաչատուր Գասպարյանը այսօր լրագողների հետ հանդիպմանն ասացին, որ ժամային գոտին փոխելով կամ չփոխելով, բան չի փոխվում և մեկ շաբաթ անց մարդու օրգանիզմը գալիս հասնում է իր «ժամանակին», քանի որ օրգանիզմի կառավարման համակարգը շատ պլաստիկ է:

Անդրադառնալով` ժամային գոտին չփոխելու մասին կառավարության նախաձեռնության` նրանք նշեցին, որ մարդու, ինչպես և բոլոր կենդանիների մոտ առաջին գործոնը արևի լույսն է, որով պայմանավորված մարդիկ քնում կամ արթնանում են և ժամանակ փոխելը մարդու օրգանիզմում ինչ-որ կատաստրոֆիկ փոփոխությունների չի հանգեցնում:

«Հյուսիսային ազգերը, որոնք կարոտած են լինում արևին, որոնց մոտ կես տարի ձմեռ է, կես տարի՝ ամառ, նրանց համար սա գուցե շատ կարևոր է, մեզ համար, մեր արևով ընդհանրապես չեմ տեսնում դրա կարիքը»,- ասաց Խաչատուր Գասպարյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Գալուստ Սահակյանը հանդես եկան ժամային գոտիների մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է այլևս չանցնել ձմեռային և ամառային ժամամանակների:

Խնդրին, թե արդյոք ժամային փոփոխությունները անհրաժեշտ են, Հովհաննես Մանավելյանը և Խաչատուր Գասպարյանը մոտենում են բժշկական տեսանկյունից. որքան շատ ստանաս արև, այնքան շատ վիտամին D կստանաս: Այլ բան է, եթե շատ ավելի կարևոր է ճիշտ ժամային գոտում գտնվելը:

Ներկայում Հայաստանը գտնվում է չորրորդ ժամային գոտում, սակայն ըստ գիտնականների՝ մեր կենսառիթմը երրորդ ժամային գոտուն է համապատասխանում: