«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի հարցը դեռև չի էլ քննարկվել. Արմեն Մարտիրոսյան

14:17 • 14.02.12

Ինչպես բոլոր կուսակցություններում, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցությունում դեռևս կազմած չեն համամասնական ընտրակարգի ցուցակները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց նույն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Մենք դեռևս չենք էլ քննարկել այդ հարցը, իսկ պատճառն այն է, որ կա համագումար, խորհուրդ և իրենք են իրավասու քննարկելու: Դեռևս ժամանակ կա և ընդդիմադիրի ցուցակում լինելու համար մարդիկ կուրծք չեն պատռում: Իշխանականները ևս կարծում եմ վերջնական ցուցակը չունեն և ճշգրտումներ պետք է լինեն»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը միաժամանակ հավաստիացրեց, որ ցուցակ կազմելը ժամանակատար աշխատանք է, և եթե նույնիսկ իրենք դեռ չեն կազմել, ապա իշխանության դեպքում դա շատ ավելի դժվար է անել:

«Համենայն դեպս մեր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ ցուցակում ընդգրկված կլինեն մարդիկ թե՛ կուսակցությունից, թե՛ ֆրակցիայից և թե՛ անհատ անձինք: Իսկ դրանց մեջ կլինեն բազմաթիվ երիտասարդներ»,-ասաց նա: